ԱՄԷ-ում ասել են, թե ինչի հետ է կապված ՕՊԵԿ-ից դուրս գալու որոշումը

Միացյալ Էմիրությունները մայիսի 1-ից դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ -ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. ՕՊԵԿ-ից ԱՄԷ-ի դուրս գալու որոշումն անմիջականորեն կապված է նաև լցանավերի անցման համար Հորմուզի նեղուցի փաստացի փակման հետ, ինչով սահմանափակվել է նավթի մատակարարումը շուկա: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուխեյլ Ալ-Մազրուին։
Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը նախօրեին հայտնել էր, որ ԱՄԷ-ն մայիսի 1-ից դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ - ից:
«Եթե նայենք առաջարկի և պահանջարկի բալանսին, աշխարհում տիրող իրավիճակին, որտեղ գործում են սահմանափակումներ և փակ է Հորմուզի նեղուցը, ապա այդ գործոնները սահմանափակում են հում նավթի և վերջնական արտադրանքի հոսքը Պարսից ծոցից։ Այս իրավիճակում անհրաժեշտ է գործել և կիրառել նախորդներից տարբերվող ռազմավարություններ», - CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ալ Մազրուին։
Նախարարը նաև նշել է, որ ԱՄԷ-ն չի կարող և չի ցանկանում կարճ ժամկետով՝ «վաղը», ավելացնել նավթի արդյունահանումը, քանի որ, ինչպես Պարսից ծոցի մյուս երկրները, Հորմուզի նեղուցի փակման պատճառով բախվում են նույն սահմանափակումներին:
«Գոյություն ունի սահմանափակում և ռիսկ, որին պետք է ուշադրություն դարձնի ամբողջ աշխարհը, և դա Հորմուզի նեղուցի փակումն է։ Այն պետք է բացվի, անհրաժեշտ է ապահովել նավերի ազատ տեղաշարժը», - ընդգծել է նա։