Թրամփը նեղսրտել է Մելանյայի մասին կատակից. նա կոչ է արել աշխատանքից ազատել հաղորդավարին

Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ հաղորդավարը չափն անցել է։
Sputnik
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելին հեռացնել «Disney» ընկերությունից և ABC հեռուստաալիքից. Քիմելին «Washington Hilton» հյուրանոցի դահլիճում տեղի ունեցած միջադեպից առաջ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին համեմատել է այրու հետ:
Ապրիլի 26-ին «Washington Hilton» հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ կրակոցներ էին հնչել։ Միջոցառմանը ներկա էր եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Միջոցառումից մի քանի օր առաջ Քիմելը ԱՄՆ առաջին տիկնոջը համեմատել է ժառանգությանը սպասող այրու հետ։ Մելանյա Թրամփը ABC հեռուստաալիքից պահանջել է արձագանքել տեղի ունեցածին և միջոցներ ձեռնարկել Քիմելի դեմ:
«Ջիմի Քիմելն իր շոուում իսկապես ցնցող հայտարարություն արեց... Մեկ օր անց ինչ-որ զինված խելագար փորձեց ներխուժել Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի սենյակ:.. Նա այնտեղ էր շատ ակնհայտ և չարագուշակ պատճառով: Ես հասկանում եմ, թե ինչու են այդքան շատ մարդիկ վրդովվել Քիմելի դաժան բռնության կոչից:.. Դա անթույլատրելի է։ Ջիմի Քիմելին պետք է անհապաղ հեռացնել «Disney»–ից և ABC -ից», - «Truth Social» հարթակում գրել է Թրամփը:
Քիմելն իր հերթին հայտարարել է, որ իր կատակը ոչ մի կապ չի ունեցել Թրամփի դեմ մահափորձի հետ։
«Դա ակնհայտ կատակ էր նրանց տարիքային տարբերության և այն ուրախ արտահայտության մասին, որը մենք տեսնում ենք նրա (Մելանյա Թրամփի. խմբ) դեմքին ամեն անգամ, երբ նրանք միասին են», – բացատրել է Քիմելը երեկվա իր հումորային շոուի ժամանակ:
Հիշեցնենք` անցյալ տարվա սեպտեմբերին «Disney»-ին պատկանող ABC հեռուստաալիքը հայտարարեց, որ հեռուստահաղորդավար Քիմելին անորոշ ժամանակով հեռացնում է պահպանողական ակտիվիստ Չարլի Քրքի մահվան կապակցությամբ Թրամփի արձագանքի մասին կատակից հետո: Սպիտակ տունը ողջունեց որոշումը՝ շոումենին անվանելով «հիվանդ այլասերված», իսկ Թրամփը սոցցանցում գրեց, որ դա հիանալի նորություն է Ամերիկայի համար՝ հավելելով, որ Քիմելը տաղանդ չունի։ Ավելի ուշ «Disney» ընկերությունը հայտարարեց Քիմելի շոուի վերսկսման մասին։