«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև

Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է մինչև 1 մլրդ դոլար հատկացնել լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը այն երկրներում, որտեղ գործում է բանկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. «Թրամփի ուղին», եթե այն իրականացվի, կկարողանա ապահովել փոխադրումները միայն մեկ ուղղությամբ և չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային համալիր կապի խնդիրը։ Այս մասին Երևանում «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Տարածաշրջանային իրադարձությունները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Զաբոևը։
Զաբոևի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն այս առումով ավելի համալիր նախագիծ է, մինչդեռ «Թրամփի ուղին» դրա մի տարրն է։
«Խաղաղության խաչմերուկը» ներդրումներ է նախատեսում արդեն իսկ գոյություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման մեջ։ Որոշ դեպքերում ենթակառուցվածքների վերականգնումն ավելի հեշտ և էժան է, քան լեռնային տեղանքներով թունելներով նոր ճանապարհների կառուցումը», – նշել է նա։
Միևնույն ժամանակ նախագծի իրականացումը մեծապես կախված է միջազգային աջակցության մակարդակից։
Փորձագետն ընդգծել է, որ նախաձեռնությունը զգալի ներուժ ունի միջազգային այն հարթակներում առաջմղման համար, որտեղ հնարավոր է համաձայնեցնել տարածաշրջանի երկրների շահերը։
Տրանսպորտային կապի հարցերը քննարկվում են համաշխարհային օրակարգի շրջանակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի կայուն տրանսպորտի տասնամյակի (2026–2035) և «Կայուն տրանսպորտի բարեկամների խմբի» հարթակի շրջանակներում, միևնույն ժամանակ տարածաշրջանային նախաձեռնությունների խթանման գործում առանցքային դեր է խաղում Թուրքմենստանը։
Զաբոևի խոսքով՝ միջազգային աջակցությունն անհրաժեշտ է տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակելու, միջազգային զարգացման բանկերից ֆինանսավորում ներգրավելու և իրական ներդրումային ծախսերը ճշտելու համար։
Զաբոևը նաև նշել է, որ տրանսպորտային կապը կախված է ոչ միայն ճանապարհներից և երկաթուղիներից։ Հիմնական տարրերն են պահեստային ենթակառուցվածքները, լոգիստիկ կենտրոնները և չոր նավահանգիստները։
«Սա կարևոր է վերաբեռնման, բեռների պահման և լոգիստիկայի համար։ Պահեստային ենթակառուցվածքները և լոգիստիկ կենտրոնները պահանջարկ ունեն նաև Հայաստանում»,- ասել է նա։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամանակակից պահեստային տարածքների զգալի պակաս կա. Հայաստանումդրանց մակարդակն ընդամենը մոտ 3% է կազմում: Սա վկայում է բարձրորակ լոգիստիկ տարածքի և ենթակառուցվածքների մեծ պահանջարկի մասին։
Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է մինչև 1 մլրդ դոլար ներդնել լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման գործում այն երկրներում, որտեղ գործում է բանկը: Բանկի գնահատականներով` Հայաստանը զգալի ներուժ ունի այս ոլորտում, լոգիստիկայի զարգացումն էլ թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ծախսերը։