«Ռոսպոտրեբնադզորը» նշել է Ռուսաստան «Ջերմուկի» ներկրման և իրացման արգելքի պատճառը

Նշվել է, որ ջուրը պարունակում է հիդրոկարբոնատային իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Քաղաքացիների առողջությանը հնարավոր վնասի պատճառով «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի ներկրումն ու իրացումը ՌԴ տարածքում: Այս մասին ասվում է «Max» հարթակում գերատեսչության հաղորդագրության մեջ։
«2026 թվականի ապրիլի 28-ից «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ սեղանի խմելու գազավորված ջրի 17.02.2026թ., 05.03.2026թ., 13.03.2026թ., 12.01.2026թ., 18.11.2025թ., 19.02.2026թ., 24.11.2025թ., 27.03.2026թ., 10.01.2026թ., 22.11.2025թ, և 23.10.2025թ. թողարկված արտադրանքի ներմուծումն ու իրացումը դադարեցնելու համար », - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տվյալ արտադրանքը չի համապատասխանում մակնշմամբ ներկայացված տեղեկատվությանը, ինչը «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին» ԵԱՏՄ 044/2017 որոշման 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջների խախտում է:
«Ջրի բաղադրության մեջ հայտնաբերվել է հիդրոկարբոնատի՝ իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորեցումը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման ու առողջության վատթարացման», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, ըստ ԶԼՄ-ների, ռուսական «Ազնիվ նշան» մակնշման պետական համակարգն արգելափակել էր «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրության «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակների իրացումը։
Այս առնչությամբ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի ստացել ռուս գործընկերներից՝ ինչպես «Ռոսպոտրեբնադզորից», այնպես էլ «Ռոսսելխոզնադզորից»:
Ավելի վաղ մակնշման համակարգն արդեն կասեցրել էր «Ջերմուկի» արտադրանքի իրացումը. 2024 թվականին շրջանառությունից հանվել էր շուրջ 2,5 մլն շիշ՝ Հյուսիսային Օսեթիայում թունավորման դեպքից հետո, երբ շշերից մեկում հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր հայտնաբերվել: