Նիկոլ Փաշինյանի խոսնակը հերքում է Ջիլիզա գյուղը փոխանցելու մասին լուրը

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ընդգծել է, որ նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում ենթակա է հերքման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքում է լուրը, թե սահմանազատման գործընթացի շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։ Բաղդասարյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։
Վերջերս մամուլում տեղեկություններ էին պտտվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին:
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը»,- գրել է Բաղդասարյանը։
Նա ընդգծել է, որ ինչպես նախորդիվ, այդպես էլ հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում ենթակա է հերքման՝ մտացածին լինելու պատճառով։
Հիշեցնենք՝ ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ օրակարգում է ոչ միայն Ադրբեջանի հետ վերջնական սահմանազատումը, այլև Վրաստանի հետ սահմանազատման ամփոփումը։ Նա ընդգծեց, որ վրացի գործընկերների հետ պայմանավորվածություններ կան։