ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանի համար լուրջ համաճարակաբանական ռիսկեր Իրանից փախստականների հնարավոր հոսքի դեպքում չեն սպասվում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պարբերաբար կապ է պահպանում Իրանի հետ և տեղեկություններ ունի երկրում համաճարակաբանական իրավիճակի մասին։ Ուստի, նշեց նա, Իրանը չի պատկանում այն պետություններին, որոնք վտանգավոր վարակիչ բռնկումների աղբյուր կարող են լինել։
«Եթե ի հայտ գան փախստականների խմբեր, ինչում խիստ կասկածում եմ, Հայաստանը համապատասխան պայմաններ կստեղծի նրանց համար։ Հայաստանի համար որևէ սպառնալիք չեմ տեսնում», – հավելեց մասնագետը։
Պատասխանելով Բուշերի ատոմակայանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարվածների դեպքում հնարավոր ճառագայթային ռիսկերի մասին հարցին՝ Օնիշչենկոն նշեց, որ կայանի ռեակտորները կառուցվել են Չեռնոբիլից հետո՝ անվտանգության չափանիշներին համապատասխան։ Միևնույն ժամանակ նա հնարավոր է համարել, որ հզոր հրթիռներով ռեակտորների ոչնչացման դեպքում հետևանքները կարող են համեմատելի լինել Չեռնոբիլի ԱԷԿ–ի աղետի հետ։
«Սակայն ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ն հասկանում է դա և ավելի շատ ձևացնում է, քան իրական քայլեր է ձեռնարկում այս ատոմակայանը ոչնչացնելու համար։ Ամենայն հավանականությամբ, նրանց ջանքերն ուղղված են դրա աշխատանքը խափանելուն և Իրանին էլեկտրաէներգիայից զրկելուն», – հայտարարեց նա։
Իրանի շուրջ իրավիճակի սրացումը մեծացրել է տարածաշրջանում ապակայունացման ռիսկը և քննարկումներ է առաջացրել հնարավոր մարդասիրական հետևանքների, այդ թվում՝ հարևան երկրներ, ներառյալ՝ Հայաստան փախստականների հնարավոր հոսքի վերաբերյալ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները, Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։