ՀՀ կենսաչափական նոր անձնագիրը կարմիր կլինի. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Անձնագրի առաջին և վերջին էջերում Հայաստանի ուրվագծային քարտեզն է, իսկ 2–րդ էջում` ՀՀ զինանշանը, դրանց ֆոնին ճարտարապետական հնագույն զարդանախշերն են օգտագործվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կենսաչափական նոր անձնագիրը կարմիր կլինի։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով կենսաչափական նոր անձնագրերի ու նույնականացման քարտերի մասին։
«Մենք մեր դրոշի վրա երեք գույն ունենք, և մենք որոշել ենք, որ մեր կենսաչափական նոր անձնագիրը կարմիր երանգ ունենա, քանի որ այս գույնը միջազգայնորեն ամենից շատ տարածված երանգներից է։ Այս դեպքում նաև անձնագրի փոփոխությունն ավելի տեսանելի կլինի»,– հայտարարեց վարչապետն` ավելացնելով, որ հին նմուշի անձնագրերը որոշ ժամանակ շրջանառվելու են։
ՆԳ նախարարն իր հերթին ավելացրեց, որ ԵՄ անդամ երկրներն էլ հիմնականում այս երանգն են օգտագործում իրենց անձնագրերի դեպքում։
Անձնագրի շապիկն ունենալու է նաև բրալյան գրություն, որպեսզի տեսողության խնդիր ունեցող անձինք նույնպես դժվարություններ չունենան։
Անձնագրի առաջին և վերջին էջերում ՀՀ ներկա սահմաններով ուրվագծային քարտեզն է, իսկ 2–րդ էջում` ՀՀ զինանշանը, դրանց հետևի ֆոնին ճարտարապետական հնագույն զարդանախշերն են օգտագործվել։
Կենսաչափական նոր անձնագիրն ունի նաև պաշտպանիչ շերտեր, որոնք երևում են միայն ուլտրամանուշակագյույն ճառագայթի տակ։ Պաշտպանիչ շերտերը կապույտ են, 2–րդ էջում երևում են «Հայաստանի Հանրապետություն» և «Հայաստան» բառերը` թռչնատառերրի ձևով, որոնք վերահաստատվել են Մատենադարանի մասնագետների կողմից։
Հաջորդող էջերը ներառում են միջազգային` ԻԿԱՕ–ի ստանդարտ չափորոշիչներին համապատասխան տվյալներ, և հավելյալ այլ գրառումներ չեն պարունակելու, որպեսզի սահմանային կետերում խնդիրներ չառաջացնի։ Անձնագրի 3–րդ էջում հայոց այբուբենն է, որոշ տառեր առավել են ընդգծվել` ներկայացնելով որոշակի իմաստներ, օրինակ` «Մ» տառը` մարդ, «Պ» տառը` պետությունը, «Ս» տառը` սեր և այլն։ Անձնագրի էջերը նաև հաջորդականությամբ ներկայացնում են ՀՀ դրոշի գույները։
«Անձնագրի բոլոր էջերը ներկայացնելու են մեր ինքնությունն ու պատմությունը»,– հայտարարեց Փաշինյանը։
Անձնագրի 4–րդ էջում պատկերված է Հայկ նահապետը, 5–րդ էջում` Գեղամասարում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերները։ 6–րդ և 7–րդ էջերում Էրեբունի ամրոցի պատկերն է և Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը։
8–րդ և 9–րդ էջերում Արտաշես արքայի սահմանաքարերն են, որոնք գտնվել են Սիսիանի տարածաշրջանում, և որոնց վրա արամերեն արձանագրություններ են։ ՆԳ նախարար Սարգսյանի խոսքով` ընտրվել է սահմանաքարարերի այն նմուշը, որը ցուցադրված է թանգարանում։
10–րդ և 11–րդ էջերում Էջմիածնի մայր տաճարն է` որպես խորհրդանիշ քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին ազգի։
Անձնագրի 12–րդ և 13–րդ էջերում պատկերված է ՀՀ պետական խորհրդանիշներից նախագահի նստավայրը, 14–րդ և 15–րդ էջերում ՀՀ կառավարության, 16–րդ և 17–րդ էջերում` Ազգային ժողովի, 18–րդ և 19–րդ էջերում` Սահմանադրական դատարանի շենքներն են` համապատասխան փոքրիկ տեղեկություններով։
Անձնագրի մյուս էջերում Երևանի Կասկադն է` Թամանյանի հուշարձանով, Արագածը` իր 4 գագաթներով, Խոր Վիրապը, լավաշի թխման պրոցեսը և Արմավիրի մարզի այգիները, Սևանա լիճը` Բերդկունք ամրոցով և առագաստանավերով, Գառնիի հեթանոսական տաճարը, Լոռի բերդ ամրոցը, Գյումրու քաղաքային տեսարանը և ֆայտոնը, Կապանի մերձակայքում գտնվող Բաղաբերդ ամրոցը, Տավուշի մարզի Կիրանց գյուղում գտնվող Սրանոց կամուրջը և ազատությունը խորհրդանշող մարդու կերպարը, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի ջրվեժը և խորհրդանիշ եղնիկը։ Արդեն վերջին 2 էջում ՀՀ ուրվագծային քարտեզն է` անգլերեն գրված Երևան բառով, և ՆԳՆ շենքը` որպես անձնագիրը թողարկող պետական մարմին։
Ի դեպ, անձնագրի էջերն արագ թերթելու դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ներքո պաշտպանիչ բոլոր շերտերի վրա երևում է աղավնու թռիչքը` խորհրդանշելով խաղաղությունը։
ՆԳ նախարարը տեղեկացրեց, որ ԻԿԱՕ–ի հետ հուշագիր են կնքում, որպեսզի մեր տվյալներն ընթեռնելի ու հասանելի դառնան նաև գործընկեր պետությունների համար։ Ըստ նրա` ամեն ինչ արել են, որպեսզի մեր փաստաթղթերը համապատասխան լինեն բարձր միջազգային ստանդարտին, որը կարևոր է նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնելու համար։
Ի դեպ, կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը պատրաստ կլինեն արդեն այս աշնանը։
Հիշեցնենք` Արփինե Սարգսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիները նոր կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը կկարողանան ստանալ այս տարվա աշնանից։
Հայաստանցիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները