Ապրիլի 29-ին Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն. հայտնի է պատճառը

Հանրապետության հրապարակ. Արխիվային լուսանկար
Երևանում մի քանի ժամով կարգելվի նաև Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ապրիլի 29-ին Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նշվում է, որ ապրիլի 29-ին ժամը 14:00-ից 17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը:
«Փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած)»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը կմիավորի շուրջ 4000 պարողների՝ Երևանից և ՀՀ մարզերից։