ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար ընտանիքի անդամներից 4-ը նյութապես շահագրգռել են տարբեր անձանց, այդ թվում` անչափահասներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Խ.-ն, Մ.Խ.-ն, Ն.Խ.-ն և Կ.Խ.-ն ցանկացել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի ապրիլի 11-ի հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովել։ Նրանք նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին․ խոստացել են հավաքին մասնակցելուց հետո յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ: Ապրիլի 11-ին Ա.Խ.-ի վարձակալած տաքսիով ընտանիքի անդամները Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպել են մի խումբ անձանց տեղափոխումը Երևան»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հավաքից հետո նրանք վերադարձել են Փոքր Մանթաշ և ստացել նախապես խոստացված 10.000-ական դրամ գումարները:
Ա.Խ.-ի, Մ.Խ.-ի, Ն.Խ.-ի և Կ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով:
Ա.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Մ.Խ.-ի և Ն.Խ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահաս Կ.Խ.-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:
Նախաքննությունը շարունակվում է: