ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանում լարված իրավիճակ է առաջացել հեղուկ գազի շուկայում։ Sputnik Արմենիայի տեսանյությում գազալկացակայաններից մեկի հերթն է, որտեղ վարորդները դեռ կարողանում են հեղուկ գազ գնել։
Վարորդները, մասնավորապես տաքսիստները, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին, որ լցակայանների մեծ մասը չի գործում, իսկ գործողներում գազը կա՛մ սահմանափակ է, կա՛մ վաճառվում է բարձր գներով։
Տաքսու վարորդներից մեկը պատմեց, որ վերջին օրերին ստիպված է եղել երկար փնտրել գործող լիցքավորման կետեր և մի քանի անգամ գազ լիցքավորել՝ առանց հստակ պատկերացման, թե ինչ որակի կամ ինչ ծավալի վառելիք է ստանում։
«Էսօր էլ սաղ քաղաքը ման եմ գալիս, մի հատ տեղ ասեցին՝ գազ կա, բայց չեկով է։ Ասում եմ՝ որտեղի՞ց վերցնեմ, ասում են՝ օֆիսից պիտի գնաս, առնես։ Մինչև էդ նման բան չի եղել»,– նշեց նա։
Տաքսու վարորդը նաև նշել է, որ գների կտրուկ տատանում է նկատվում ընդամենը մի քանի օրում։
«4 օրվա մեջ 190 դրամից դարձել է 250 դրամ։ Էսօր մի քանի տեղ արդեն տարբեր գներ տեսա»,– ասաց նա։
Մյուս վարորդի պնդմամբ՝ խնդիրը կարող է կապված լինել ներմուծման խոչընդոտների հետ, քանի որ հեղուկ գազը հիմնականում Հայաստան է տեղափոխվում ցամաքային ճանապարհով։
«Լարսով են բերում ավտոներով, հիմա չեն թողնում`նորմալ ներմուծեն»,– նշեց նա։
Վարորդն ասաց նաև, որ իր ծանոթներից մեկը, որը զբաղվում է գազի ներկրմամբ, իրեն պատմել է, որ շուկայում սահմանափակումներ կան. ներկրողները չեն կարողանում լիարժեք գործել։
«Ասում են՝ չեն թողնում շնչեն, որ ադրբեջանական վառելիքը վաճառվի»,– հավելեց նա։
Վարորդները նշում են, որ ստեղծված իրավիճակը ազդում է իրենց աշխատանքի վրա՝ ավելացնելով ծախսերը և բարդացնելով երթևեկությունը, քանի որ ստիպված են ժամերով փնտրել լիցքավորման կետեր։
Այս պահի դրությամբ` Sputnik Արմենիային դռե չի հաջողվել պաշտոնական պարզաբանումներ ստանալ հեղուկ գազի պակասի ու գնաճի պատճառների վերաբերյալ։