Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է

Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Վարազդատ Լալայանը երկու փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում, իսկ երկամարտի արդյունքով վաստակեց Եվրոպայի եռակի չեմպիոնի կոչումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։
Լալայանը հավասարը չունեցավ պոկում վարժությունում: Նա առաջին մոտեցմամբ պոկեց 200 կգ: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի առաջատարը պատվիրեց 210 կգ, որը նույնպես պոկեց: Երրորդ մոտեցումից Լալայանը հրաժարվեց:
Հրում վարժությունում Լալայանը պայքարը սկսեց 241 կգ-ով: Երկրորդ և երրորդ մոտեցմամբ Լալայանը չկարողացավ հրել 253 կգ–ը և չսահմանեց Եվրոպայի ռեկորդ։ Երկամարտում 451 կգ արդյունքով Լալայանն ավարտեց պայքարը դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն։