Որքա՞ն են ապրում մարդիկ։ Սովորաբար 70–ից մի փոքր շատ, ինչն արդեն լավ է, բայց ոմանց մոտ է՛լ ավելի լավ է ստացվում։ Օրինակ` Մեծ Հայրենականի վետերան Խաչիկ Հովակիմյանի դեպքում, որը հատել է 100-ամյակի սահմանագիծը. մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, ազատագրել է Ղրիմը։ Հաղթանակի 80-ամյակի առթիվ նա եկել էր Մոսկվա, նրան հրավիրել էին շքերթի կենտրոնական տրիբունա։ Նրա հետ ևս 2 վետերան էր եկել Հայաստանից, և նրանք նույնպես հարյուրն անց են։
Մարդու ինչի՞ն է պետք այդքանը։ «Ապրում ենք այնքան, որքան ի վերուստ է չափված»,- բացատրում էր Խաչիկ Հովակիմյանը, և այստեղ նրա հետ չես վիճի։ Մյուս կողմից մարդիկ հեռանում են ամենատարբեր պատճառներով՝ հիվանդություններ, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ուժերի ծայրահեղ անկում, բայց այսօր դրանց գումարվել են նաև տնից հեռու ապրող երեխաների ու թոռների վաղվա օրվա համար ապրումները. դա տանջում է, խանգարում է հանգիստ քնելուն, հյուծում է։
Իմ երկարակյաց ծանոթները (չեմ ուզում նրանց ծերուկներ անվանել) ինձ ասում էին, որ իրենց երեխաների ու թոռների ապագայի վերաբերյալ մտահոգությունները, որոնք կախված են իշխանության քաղաքական որոշումներից, այսօր խելքից դուրս շատ են, իսկ «բոլոր հիվանդությունները նյարդերից են» սկզբունքը ոչ ոք չի չեղարկել։ Այդ պատճառով էլ հիվանդանում են վատ հիվանդություններով ու հեռանում կյանքից, թեև Աստծո օգնությամբ կարող էին այս աշխարհում ավելի երկար դիմանալ։
Կոնկրետ ի՞նչ նկատի ունեմ։ Հարաբերությունների վատթարացում Ռուսաստանի հետ, որտեղ, տարբեր գնահատականներով, առնվազն երկու միլիոն հայ է ապրում։ Ոմանք վաղուց են տեղափոխվել, մյուսները՝ համեմատաբար վերջերս, շատերը՝ վերջին տարիներին՝ գյուղերը թողնելով կիսադատարկ, ինչին Փաշինյանի գլխավորած «ուրախ ավտոբուսի» ուղևորները պարբերաբար բախվում էին աշխատունակ բնակիչներին սրընթաց կորցնող գյուղերում։
Ի՞նչ անել։ Վարչապետը խոստանում է փոխել իրավիճակը՝ բացելով նոր և բոլոր առումներով գրավիչ աշխատատեղեր։ Ասելը հեշտ է, անելը՝ բարդ։ Որդիները հեռանում են, ծեր ծնողները մնում են թոշակի ծիծաղելի ավելացման ու դառը մտքերի հետ և սուսուփուս մեռնում։ Իրենց երկար կյանքում նրանք շատ բան են տեսել և հասկանում են` եթե Երևանի խուճուճ քաղաքականությանն ի պատասխան Ռուսաստանը խստացնի այնտեղ գտնվող հայերի բնակության ռեժիմը, գնալու տեղ չի լինի։
«Արդեն խոսում են նույնիսկ այն մասին, որ ինչ-որ բան պատահելու դեպքում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավիահաղորդակցությունը կարող է դադարեցվել, և այդ դեպքում մեր խեղճերն ո՞ւր պիտի գնան։ Հայաստանի իշխանություններն այդ մասին հաստատ լսել են, բայց մեր տագնապներին ի պատասխան դիսկոտեկ է»,- ասում է 75 տարին բոլորած և վերջերս այրիացած Արաքսյա Բեգանյանը։
Միաժամանակ Հայաստանում մարդիկ ժամանակից շուտ մահանում են ոչ միայն նման ապրումների պատճառով։
Վաղուց արդեն Երևանն իր հյուրերին դիմավորում է ոչ միայն գրկաբաց, այլև հազով, որից կոկորդը քերվում է, իսկ աչքերն արցունքոտվում են։ Քաղաքը խեղդվում է փոշու, ծխի, գարշահոտության մեջ։ Փոշին չլվացված փողոցներից է, շնչահեղձությունը՝ մեքենաների արտանետումներից, գարշահոտությունը՝ ամեն ամառ Նուբարաշենի աղբավայրում բռնկվող հրդեհներից։ Եվ ո՞վ այսօր կհանդգնի մեր շնչած օդն անվանել ջինջ, ինչպես ցողի կաթիլը լոտոսի թերթիկի վրա։
Երևանցիները գիշեր-ցերեկ շնչում են ծխախոտի թանձր ծուխը, որի համեմատ վերջին խորհրդային տարիների բնապահպանության ասպետների անեծքներին արժանացած «Նաիրիտի» արտանետումները դատարկ բան են։
ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալների համաձայն՝ Հայաստանում ծխելու պատճառով տարեկան մահանում է 35-69 տարիքային խմբում գտնվող մինչև երկու հազար մարդ։ Եվրոպական տարածաշրջանում տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշով (63,7%) Հայաստանն առաջին տեղում է, իսկ նույն պատճառով մահացության ցուցանիշով (22%) երրորդն է՝ Մոլդովայից ու Հունգարիայից հետո։ Խոսուն թվեր են։ Գումարեք սրան նաև ճանապարհատրանսպորտային պատահարները և օրը ցերեկով միմյանց կրակողներին։
Բոլորն ուզում են երկար ապրել, բայց որտե՞ղ է այսօր այն, ինչը կօգներ հասնել այդ նպատակին։ Որպեսզի ջուրը լինի բացառապես աղբյուրի, օդը՝ մաքուր ու թարմ, ինչպես մանկան համբույրը, երկինքը՝ կապույտ և անվտանգ։ Որտե՞ղ այսօր կտեսնես մարդկանց, որոնք երես են թեքել մսից և անցել են բացառապես բնական պանրի, մեղրի, միրգ–բանջարեղենի և օրական առնվազն 10 կիլոմետր քայլում են։
Երբ լեգենդար Շառլ Ազնավուրը բոլորեց 93 տարին, նա ասաց. «Ես չեմ ծերացել, պարզապես տարիքս է ավելացել»։ Ազնավուրը հավերժ երիտասարդության գաղտնիքներ, անշուշտ, չգիտեր, փոխարենը նա գիտեր առողջության գաղտնիքները։ Ահա դրանցից մեկը. «Չափից շատ հիմարություններ չանել»։
Ուշադրություն դարձրեք՝ հիմարություններն ընդհանուր առմամբ արգելված չեն, էությունն այն է, որ դրանք շատ չլինեն։ Եվ դրանցից մեկը՝ չմոռանալ, որ աշխարհը բազմագույն է, և սև գիծը վաղ թե ուշ կփոխարինվի պայծառ գծով։ Հասկանալի է, որ որքան շուտ, այնքան լավ։ Այդ ընթացքում հոգեբաններն ավելի ու ավելի շատ ապացույցներ են գտնում, որ բնավորության դրական գծերը՝ կենսախնդությունը, սրտաբացությունն ու բարյացակամությունը կապ ունեն հիվանդությունների ու մահվան ցածր ռիսկի հետ։
Ռուսաստանցի հոգեթերապևտ Իրինա Կրաշկինայի մտորումներից.
- Լավատեսությունը,- պնդում է նա,- մշտական ժպիտը չէ, այլ կայուն հավատն առ այն, որ ապագան ավելի շատ լավ բան կբերի, քան վատ, և որ մարդն ի վիճակի է ազդել իր կյանքի կարևոր իրադարձությունների վրա։
Վերջերս կատարված հետազոտությունները (ԱՄՆ) ցույց են տվել, որ մարդուն կենսականորեն անհրաժեշտ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են լավատեսությունը, առույգությունը, կյանքով ուրախանալու կարողությունը, «պահվում են» ուղեղի ձախ կիսագնդում։ Աջում «պահվում է» թախիծը, տխրությունը, հիասթափությունն ու ափսոսանքը։
Շատ եմ ուզում հավատալ, որ հայերի ձախ կիսագունդն ավելի մեծ է, քան աջը։