30–ամյա ծանրորդ Տաթև Հակոբյանը ավարտում է մարզական կարիերան

Ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի մրցաշարում. Արխիվային լուսանկար
Հակոբյանը նշել է, որ նախորդ տարի ամուսնացել է և ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր +86 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները՝ հայտարարելով կարիերան ավարտելու մասին:
Մեկնաբանելով կարիերան ավարտելու որոշումը՝ Տաթև Հակոբյանը նշել է, որ շուրջ 15 տարի է՝ սպորտում է և ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու:
«Նախորդ տարի ամուսնացել եմ ու ցանկանում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս: Այս տարիներն ինձ կոփեցին. կարելի է ասել՝ իմ բնավորությունը կերտվել է հենց ծանրամարտում: Ծանրամարտն ինձ տվել է հիշողություններ, զարգացրել իմ կամքի ուժը: Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք այս տարիներին իմ կողքին են եղել: Ցավոք, չկարողացա ավարտել այնպես, ինչպես ցանկանում էի: Արդեն որոշել էի, որ ավարտելու եմ կարիերաս. կարծում եմ՝ այդ հուզմունքը փոքր-ինչ խանգարեց, քանի որ մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել»,–նշել է Հակոբյանը։
Հավելենք, որ Տաթև Հակոբյանը 30 տարեկան է։ Բաթումի քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պոկում վարժությունում Հակոբյանը հաջող կատարել է երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով նախ 102 կգ կշռող ծանրաձողը, ապա՝ 106 կգ-ն: Այս վարժությունում նա 9-րդն էր: Հրում վարժությունում Տաթևը միայն մեկ մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 125 կգ-ն: Երկամարտի 231 կգ արդյունքով հայ մարզուհին 12-րդն է։