Սրետենսկի վանքի աշխարհահռչակ երգչախումբը հայկական երգի հիման վրա տեսահոլովակ է թողարկել

Տեսահոլովակը ներկայացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։
Sputnik
Սրետենսկի վանքի երգչախումբը սկսել է «Ձգողականություն» («Притяжение») անվանումով նոր միջազգային նախագիծ իրականացնել Ռուսաստանի և այլ երկրների մշակութային ու հոգևոր կապերի մասին։ Առաջին գլուխը նվիրված է Հայաստանին, դրա մասն է դարձել «Ով հայոց աշխարհ» երգը։
Տեսահոլովակում նկարահանվել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստ Դմիտրի Խառատյանը։ Նկարահանումներն անցկացվել են Հայաստանի հարավում՝ Մեղրիում, որտեղից սերում է Խառատյանների ընտանիքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սրետենսկի վանքի երգչախմբի արտիստները մասնակցել են «Ձգողականություն» լայնածավալ միջազգային վավերագրական բազմասերիանոց կինոնախագծի նկարահանումներին, որն իրականացվում է Ինտերնետի զարգացման ինստիտուտի աջակցությամբ (նախագիծը սերունդների և մշակույթների երկխոսության մասին է. խմբ․):
Խառատյանը տասնվեց տարեկանում իր առաջին խորհրդային անձնագիրը ստանալիս պնդել է, որ «ազգություն» սյունակում գրվի «հայ»։ Այդ մասին նա այսպես է պատմում. «Հիմա ես ինձ աշխարհի քաղաքացի եմ համարում։ Իսկ այն ժամանակ դա բացարձակ գիտակցված ընտրություն էր։ Ինձ դաստիարակել է հայրս, որը կիսով չափ է հայ։ Նա ինձ շատ էր պատմում այն ամենի մասին, ինչի միջով ստիպված է եղել անցնել հայ ժողովուրդը՝ Ցեղասպանության, կոտորածների մասին… Դա էլ ինձ հանգեցրեց այն մտքին, որ անձնագրում պետք է գրանցվեմ որպես հայ։ Ես իսկապես հավատում էի, որ այդպես կաջակցեմ այս ազգին, որը սփռված է ամբողջ աշխարհով»։
Հետաքրքիր է, որ «Խառատյան» ազգանունն առաջացել է հայերեն «խառատ» կամ «խրատ» բառերից։ Դմիտրի Խառատյանը կարծում է, որ ազգանունը մասամբ արտացոլում է իր հոր և պապի իմաստությունը։