Պետք է հաշվարկել ռիսկերը և հետևանքները. արևելագետը` Հայաստան–Թուրքիա սահմանի բացման մասին

Քաղաքագետ Վլադիմիր Ավատկովը կարծում է, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում շտապելու պատճառ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Թուրքիան վաղ թե ուշ կբացի Հայաստանի հետ սահմանը, այլ հարց է, թե ինչպիսին է Անկարայի երկարաժամկետ ռազմավարությունը, և արդյոք ՀՀ–ն պատրաստ է կարգավորման հետևանքներին ու արդյունքներին։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարեց ռուսաստանցի թյուրքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գծով գիտական ​​տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։

Թուրքիան շտապելու պատճառ չունի

Փորձագետը կարծում է, որ Անկարան շտապելու պատճառ չունի, և հենց դրանով կարելի է բացատրել այն, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը բացելու մասին պայմանավորվածությունը դեռ չի իրականացել: Սակայն գլխավոր հարցն այլ է` արդյոք Հայաստանն իսկապես պատրաստ է նրան, թե ինչ կլինի սահմանի բացմանը հաջորդող օրը։
«Պարզապես բերեմ Աջարիայի օրինակը, որտեղ բիզնեսը թուրքական է, հողը՝ թուրքական, շինարարությունը՝ թուրքական, ցուցանակները՝ թուրքական: Հանգստյան օրերին թուրքերն այնտեղ են գնում (կարծես դա իրենց տունն է) խաղատներում խաղալու համար: Այո', տեղական խոհանոցը պահպանվել է, նույնիսկ որոշ սրճարաններ տեղացիների են պատկանում... Պետք է հաշվարկել ռիսկերն ու հետևանքները՝ տնտեսական, ժողովրդագրական և մարդկային», – ասում է Ավատկովը։
Արևելագետի տեսանկյունից` Թուրքիան հազիվ թե երկարաժամկետ հեռանկարում հետաքրքրված լինի ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանով։
«Եթե դա կլինի Աջարիայի նման` խնդրեմ։ Եթե դա մեծ ճանապարհ է լինելու, ապա ինչո՞ւ ոչ։ Եթե կտրված ճանապարհ լինի, նույնպես վատ չէ։ Եթե հայ զբոսաշրջիկները Արարատի կողմ գնան, նույնպես հիանալի է։ Նրանք ներդրում կանեն թուրքական տնտեսության մեջ», – հեգնանքով նշեց փորձագետը։

Ռուսական բազան Հայաստանում վախեցնո՞ւմ է Թուրքիային

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազան միշտ եղել և մնում է թուրքական ազդեցության տարածման խոչընդոտ։ Չնայած Թուրքիայում ռուսական С-400 ԶՀՀ–ների առկայությանը և ընդլայնվող համագործակցությանը, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և այդ մասին պետք չէ մոռանալ։ Այդ դաշինքը երբեք լավ բան չի ցանկացել նախկին ԽՍՀՄ երկրների ժողովուրդներից որևէ մեկին։ ՆԱՏՕ-ի անդամ մնալով՝ Անկարան, որքան էլ ինքնուրույնություն ձեռք բերի, կաշկանդված է այդ դաշինքի նորմերով։ Հետևաբար, Հայաստանում ռուսական բազան Թուրքիայի համար ռիսկ է և խոչընդոտ սեփական ազդեցությունը տարածելու առումով։
ՆԱՏՕ-ն` ի դեմս Թուրքիայի, փորձում է շարժվել դեպի Կասպից ծով. Ավատկովը՝ ՀՀ–ի դերի մասին
Իհարկե, ռազմաբազայի նշանակությունը ՌԴ արտաքին քաղաքականության մեջ այսօր այնքան էլ մեծ չէ, բայց այն միևնույն է` շատ կարևոր է ինչպես Ռուսաստանի հարավային սահմանների պաշտպանության, այնպես էլ բուն Հայաստանի անվտանգության ապահովման առումով։ Թուրքիան, ընդհանուր առմամբ, զգուշավոր է Ռուսաստանի անվտանգության հետ կապված հարցերում։

Ի դեպ, С-400–ի մասին

Հայաստանի դեպքում կարելի է խոսել մի հետաքրքիր կոնֆիգուրացիայի մասին. նրա տարածքում է գտնվում «Էրեբունի» ռուսական ավիաբազան МиГ-29 կործանիչներով, մինչդեռ սահմանի մյուս կողմում Թուրքիայի կողմից գնված ռուսական С-400 ԶՀՀ–ներն են: Այս փաստի վրա ուշադրություն է հրավիրում նաև Ավատկովը: Նրա կարծիքով` առանցքային պահն այստեղ այն է, որ սահմանի երկու կողմերում հենց ռուսական տեխնիկա է տեղակայված: Ամերիկացիների փորձերը՝ ստիպելու Անկարային հրաժարվել այս ԶՀՀ-ներից (С-400), եղել են և կան, սակայն այդ ջանքերն ապարդյուն են անցել։
«Ռուսաստանից գնված ԶՀՀ–ները վերադարձնելու վերաբերյալ խոսակցությունները այդպես էլ խոսակցությունների մակարդակում են մնացել: Կարելի է հիշել կործանիչների մասին (F-16), որոնք օդ բարձրացվեցին ապստամբ թուրք զիվորականների կողմից 2016 թվականի հուլիսին: Այդ իրադարձությունները չեն մոռացվել Թուրքիայի ղեկավարության կողմից։ Իսկ Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին С-400 համակարգերը դիրքեր են տարվել», – նշեց Ավատկովը:

Կա՛մ քաոս հրահրել, կա՛մ քաոսի զոհ դառնալ

Արևելագետն Անկարայից Վաշինգտոնի սպասումներն այս փուլում այսպես է բնութագրում. ամերիկացիներին անհրաժեշտ է կա՛մ լոյալ ու վերահսկելի Թուրքիա, կա՛մ այն ընդհանրապես պետք չէ։
«Թուրքիան կա՛մ անկայունություն է հրահրում ԱՄՆ–ի շահերից ելնելով, կա՛մ ինքն է անկայունության զոհ դառնում։ Թուրքիային առաջարկում են համախմբվել Եվրոպայի հետ և շարժվել ԵՄ–ի ուղղությամբ, այդ թվում՝ խաթարելով Ռուսաստանի շահերը հետխորհրդային տարածքում և մնացած բոլոր պարամետրերով», – կարծում է Ավատկովը։
Եվ այն, որ, օրինակ, Թուրքիան անօդաչուներ է արտադրում Ուկրաինայի զինված ուժերի համար, տեղավորվում է այս ռազմավարության մեջ։ Ռուսաստանը տեսնում է դա, բայց չի ընդգծում` խուսափելով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից։

Բանակցություններ չկան. ԱՄՆ–ն պարզապես ցանկանում է, որ Իրանը կատարի իր ցանկությունները

Ավատկովը կարծում է, որ ԱՄՆ–ն Իրանի հետ հարաբերություններում պարզապես ոտնահարել է միջազգային իրավունքը։ Այն ցույց է տվել, որ բանակցություններն իր համար ընդամենը քողարկում են, բանակցությունների նպատակը ժամանակ շահելն է հարձակման համար ուժեր և միջոցներ տեղափոխելու համար։ Ճնշում գործադրելով` Վաշինգտոնը փորձում է ստիպել Թեհրանին կատարել ԱՄՆ–ի ցանկությունները։ Իրանցիներն այս իրավիճակում չեն կարող վստահել ամերիկացիներին։
Ամերիկացիներն այժմ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգը վերաֆորմատավորելու ճանապարհին են։ Նրանք կարող են առևանգել ինքնիշխան երկրի առաջնորդին, կարող են գործել ինչպես փիղը սպասքի խանութում։ Մինչդեռ խոշոր տերությունների հետ փորձում են գործարքներ կնքել։
Այս պատերազմով ԱՄՆ-ը փորձում է քանդել Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք կապերը. Ավատկով
«Մերձավոր Արևելքում այսօր արհեստական ​​բաժանարար գծեր ստեղծելու փորձեր եմ արվում։ Եվրոպան արդեն արհեստականորեն բաժանել են Ռուսաստանից, և հիմա նույնը պետք է արվի Մերձավոր Արևելքում։ Նույնիսկ երբ ամերիկացիները խոսում են Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին, իրականում հենց իրենք են այն արգելափակում։ Այնուհետև ճանապարհն ավելի հյուսիս կուղղվի՝ դեպի Թուրքիա կամ Հարավային Կովկաս», – կարծում է արևելագետը։
Ավատկովը հակված չէ կարծելու, թե ամերիկացիների ճնշումը կարող է Իրանին ստիպել ավելի «համաձայնող» դառնալ։ Այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի փորձը ցույց է տալիս, որ որոշակի պահի պատժամիջոցներն ու այլ ճնշումները դադարում են գործել։ Նույնը տեղի է ունենում նաև Իրանի դեպքում։