ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմաբազաներում Իրանի հարվածների հետևանքով վնասված սարքավորումների վերականգնման համար միլիարդավոր դոլարներ կպահանջվի։ Այս մասին գրում է NBC-ն։
Ամերիկացի երեք պաշտոնյաների, կոնգրեսականների երկու օգնականների և վնասների ծավալներին ծանոթ ևս մեկ աղբյուրի գնահատականներով՝ Իրանի հարձակումների հետևանքով վնասվել են պահեստներ, հրամանատարական շտաբներ, ինքնաթիռների անգարներ, արբանյակային կապի ենթակառուցվածքներ, թռիչքուղիներ, բարձր ճշգրտության ռադիոլոկացիոն համակարգեր և տասնյակ ինքնաթիռներ։
Պենտագոնը հրապարակային տեղեկություններ չի հայտնել ամերիկյան ռազմաբազաներին հասցված վնասների ծավալների մասին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։