ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Այս մասին հայտնում է «Axios»–ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը ԱՄՆ ներկայացուցիչների հետ կարող է կայանալ երկկողմ բանակցություններից հետո։ Խոսքը Արաղչիի և պակիստանյան կողմի միջև շփումների, ինչպես նաև Ջարեդ Քուշների, Սթիվ Ուիտկոֆի և պակիստանցի միջնորդների մասնակցությամբ բանակցությունների մասին է։
Արաղչին երեկ մեկնել Պակիստան, որը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Դրանից հետո Իրանի արտգործնախարարը ծրագրում է այցելել Օման և Ռուսաստան՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ապրիլի 25-ի առավոտյան մեկնում են Պակիստան՝ իրանական կողմի հետ բանակցելու։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։