Թուրքիայի նպատակը ՀՀ սուվերեն տարածքից մի կտոր միջանցք պոկելն է. թուրքագետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026թ.–ի նախընտրական ծրագրում Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակում չկա, ինչը Հայաստանի երրորդ հանրապետության պատմության համար աննախադեպ իրողություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելով` Հայաստանը զրկվում է քաղաքական, դիվանագիտական կարևոր գործիքից. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեզ հնարավորություն էր տալիս տարբեր հարթակներում ունենալ մեզ համար շահեկան դիրքեր` ընդդեմ Թուրքիայի, և սա, եթե խոսենք դիվանագիտության տերմինալոգիայով, մեր հարձակվողական դիվանագիտության գործիքն էր։ Այսօրվա իշխանությունը վերացրեց այդ գործիքը, որով հնարավոր էր Թուրքիայի նկատմամբ տարատեսակ հարթակներում ստանալ որոշակի առավելություններ։ Այսօր փաստացի այդ գործիքը հանվում է շրջանառությունից»,– նկատում է Աբրահամյանը։
Փաշինյանի կողմից «Մեծ եղեռն» տերմինը Ցեղասպանության ժխտողականության քայլերից է. Թաթոյան
Անկախ Հայաստանի իշխանություններն ու սփյուռքը տասնամյակներ շարունակ միջազգային տարբեր հարթակներում բարձրաձայնել են Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Տասնյակ երկրներ, խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ անցած 30 տարիների ընթացքում ճանաչել ու դատապարտել են մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության փաստը։
Զուգահեռ նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունները փորձել են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Այսօր ևս գործող իշխանությունը փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց, ի տարբերություն նախորդների, հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արտաքին քաղաքական օրակարգում այլևս առաջնահերթություն չէ։
Հակառակ ՀՀ իշխանությունների այս հերթական զիջմանը, մասնագետը նկատում է, որ Թուրքիան առ այսօր հավատարիմ է մնում դեռևս 1991 թ․-ին առաջ քաշած իր նախապայմաններին (հրաժարում Ցեղասպանության ճանաչումից և Արցախի ինքնորոշման պահանջից):
«Այսօր մենք տեսնում ենք այդ նախապայմանների և պայմանների իրականացման գործընթացը ՀՀ–ի կողմից։ Արցախը, որպես այդպիսին, դադարեց գոյություն ունենալուց, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հանվում է առաջնահերթության ցուցակներից, բայց Թուրքիան չի շտապում Հայաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատել, բացել սահմանը, քանի որ դեռևս կան պայմաններ և նախապայմաններ, որոնք Հայաստանը չի իրագործել, և, կարծում եմ, այսօրվա իշխանությունը կամաց-կամաց կիրագործի։ Բացի այդ, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հետ։ Սա ակնհայտ երևում է նաև թուրք քաղաքական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում»,– ասում է թուրքագետը։
Մհեր Աբրահամյանն արձանագրում է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ հարաբերություններով պայմանավորելու նախապատմությունը սկսվել է 1918-20-ական թվականներից, երբ Հայաստանի Հանրապետության դեմ հրահրված պատերազմում Թուրքիայի հիմնական նպատակը Նախիջևանի և Սյունիքի տարածքով Ադրբեջանին միանալն էր։ Ավելի քան 100 տարի անց, Աբրահամյանի համոզմամբ, Թուրքիան ՀՀ այսօրվա իշխանությունների առաջ դարձյալ այս նախապայմանն է դրել, և նրանց հետ համագործակցելով, քայլ առ քայլ կարողանում է իրականացնել իր բոլոր հավակնությունները տարածաշրջանում։
«Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան է տարածաշրջանին խաղաղության բերող միակ ուժը, և այդ կոնտեքստում հայտարարություններով է հանդես գալիս, որ Հայաստանի սուվերեն տարածքից մի կտոր պիտի պոկվի և դառնա ինչ-որ միջանցք։ Դրա անունը կդնեն Միջին միջանցք, թե որևէ այլ բան, դա արդեն էական չէ»,– ասում է մասնագետը։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական սահմանի բացմանն ու դրանից ՀՀ իշխանությունների ունեցած տնտեսական ակնկալիքներին, թուրքագետը ոչ միայն չի կիսում Փաշինյանի ու իր թիմի լավատեսությունը, այլև հակառակը` լուրջ մտավախություններ ունի։
«Այդ սահմանն ավելի շուտ կօգտագործվի Թուրքիայի կողմից տարատեսակ խմբավորումների տեղափոխումը դեպի Միջին Ասիա իրականացնելու համար։ Եվ սա ավելի իրատեսական է, քան այն, որ Հայաստանը Թուրքիայի սահմանով կունենա տնտեսական բում և առաջընթաց»,– ասում է նա։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026թ–ի նախընտրական ծրագրում Հայոց Ցեղասպանության մասին որևէ հիշատակում չկա, ինչը Հայաստանի երրորդ հանրապետության պատմության համար աննախադեպ իրողություն է։