ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արա Աղանյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Երկամարտում 94 կգ քաշային ծանրորդը գրանցեց 381 կգ (175+206 կգ) արդյունք:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով 167, ապա 172 և 175 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Աղանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ կշռող ծանրաձողը, ապա գլխավերևում պահեց 206 կգ-ն: Երրորդ մոտեցման համար Աղանյանը 212 կգ էր պատվիրել, սակայն չկարողացավ բարձրացնել: Պոկում վարժությունը նա ավարտեց երրորդ տեղում:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացավ Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ երկամարտի 386 կգ արդյունքով:
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունն ընթանում է Բաթում քաղաքում։ Աղանյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ էր նվաճել նաև 2022 և 2023 թվականներին։