ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների արտաքին գործերի փոխնախարարները լուրջ մտահոգություն են հայտնել աշխարհում լարվածության աճի կապակցությամբ, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ գործողությունների հետևանքով, և կոչ են արել հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այսօր Մոսկվայում կայացել են Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով հերթական թեմատիկ խորհրդակցությունները։ Հանդիպումն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի նախագահությամբ։
«Առաջնահերթ ուշադրություն է դարձվել գլոբալ օրակարգի արդի հարցերին և եվրասիական տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Լուրջ մտահոգությամբ նշվել է աշխարհում լարվածության կտրուկ սրացումը՝ ՇՀԿ անդամ պետություն հանդիսացող Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ գործողությունների հետևանքով։ Ընդգծվել է հակամարտության շուտափույթ քաղաքական-դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ընդգծվել է ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի առաջմղման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ, հիմնված իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։