ՌԴ ԱԴԾ–ն հայտարարել է «Ռոսկոմնադզորի» ղեկավարների դեմ ծրագրած ահաբեկչական հարձակումը կանխելու մասին։ Այս մասին հայտնել է հատուկ ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնը (ՀԿԿ)։
ԱԴԾ–ի տեղեկություններով` հարձակումը նախատեսված էր 2026 թվականի ապրիլի 18-ին և պետք է իրականացվեր պայթուցիկ սարքի գործադրմամբ մեքենա պայթեցնելով։ Գործողության շրջանակներում Մոսկվայում, Ուֆայում, Նովոսիբիրսկում և Յարոսլավլում 7 յոթ կասկածյալ է ձերբակալվել՝ աջ-արմատական և նեոֆաշիստական գաղափարախոսության համախոհներ, որոնց Ուկրաինայի հատուկ ծառայությունները հավաքագրել են Telegram մեսենջերի միջոցով։
Խմբի ենթադրյալ կազմակերպիչը՝ 2004 թվականին ծնված Մոսկվայի բնակիչը, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել և ոչնչացվել է, հայտնել են ՀԿԿ–ից։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են մոտ 1 կգ ընդհանուր քաշով ինքնաշեն պայթուցիկ սարքեր, F-1 նռնակ, խլացուցիչով «Մակարով» ատրճանակ, գազային ատրճանակներ, կապի միջոցներ, ինչպես նաև նեոնացիստական խորհրդանիշներով և Ռուսաստանում արգելված ուկրաինական կազմակերպությանն անդամակցելու հրահանգներով նյութեր։
Քրեական գործեր են հարուցվել զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության փաստերով, քննարկվում է ձերբակալվածների գործողությունները լրացուցիչ որպես ահաբեկչական հարձակման նախապատրաստություն որակելու հարցը։
ԱԴԾ-ն նաև հայտարարել է, որ նման գործողություններն ուղղված են խափանելու «Ռոսկոմնադզորի»՝ տեղեկատվական տարածքի անվտանգությունն ապահովելու ջանքերը, այդ թվում՝ Telegram մեսենջերի աշխատանքի սահմանափակումը։