ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային օրակարգ չի համարել ու չի համարում։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
«Նման մոտեցումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը դարձնում է քաղաքական մանրադրամ։ Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի պատասխանատվության հարցն է, այն ամբողջ մարդկության հարցն է և միայն հայ ժողովրդի կամ Հայաստանի հարցը չէ։ Ամբողջ մարդկությունն է պահանջելու ու պահանջում է պատասխան Թուրքիայից։ Մենք սա չպետք է դարձնենք հայ-թուրքական միջպետական բանակցությունների հարց»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ Զուրաբյանը հորդորեց իրենց դիրքորոշումը չնույնականացնել գործող իշխանության մոտեցման հետ։ Նրա խոսքով՝ առանցքային տարբերություններից մեկն այն է, որ թեև հարցը չի դրվում արտաքին քաղաքականության առաջին էջում, միևնույն է, շատ բարձր պետք է պահվի Ցեղասպանության հիշատակը։
«Մենք հիշողությունը վառ ենք պահելու, մեր կարգախոսն է՝ «Հիշողությունը չես ջնջի»։ Հիմա իշխանությունը հիշողության նկատմամբ է ոտնձգություն կատարում. դրվում են հարցեր ու տարօրինակ ակնարկներ այն մասին, թե արդյոք եղել է Ցեղասպանություն, պետք է դեռ ուսումնասիրել»,– ասաց Զուրաբյանը։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական հարաբերությունների` Զուրաբյանը կրկին շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չի բերել, իսկ Ադրբեջանը մինչ օրս բաց է պահում «պատերազմի թեզը»։