ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ապրիլի 24-ին այցերի շարք է սկսում: Այս մասին հայտնում է իրանական IRNA պետական գործակալությունը:
«Աբբաս Արաղչին այսօր երեկոյան կսկսի Իսլամաբադ, Մասկատ և Մոսկվա նախատեսված այցերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ այցերի ընթացքում իրանցի նախարարը կանցկացնի երկկողմ խորհրդակցություններ և կքննարկի տարածաշրջանում իրավիճակի զարգացումը, ինչպես նաև Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտությունը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։