ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել», դրա համար էլ կայքում տեղադրված լուրը հեռացվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թանգարան–ինստիտուտի ԺՊ Հրաչյա Թաշչյանը` անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ հրապարակմանը։
Ինչպես հայտնել ենք, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կայքում ու սոցցանցային էջում այսօր անդրադարձ էր եղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի` Ծիծեռնակաբերդ կատարած այցին և այնտեղ կատարած բարեխոսական կարգին։ Հրապարակվել էին նաև համապատասխան լուսանկարներ։ Որոշ ժամանակ անց, սակայն, հրապարակումը հեռացվել էր և՛ կայքից, և՛ սոցցանցից:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի` Ծիծեռնակաբերդ կատարած այցի վերաբերյալ հրապարակումը, որը հետագայում հեռացվել էր
© Photo
«Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ. սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես։ Հավանաբար դուք տեքստը չեք տեսել։ Նկարի տակ գրված տեքստը ոչ մի կապ չուներ նկարի հետ»,–ասաց Թաշչյանը։
Ըստ Թաշչյանի` ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել և պետք չէ այդտեղ կրիմինալ փնտրել. հրապարակումը հեռացվել է, որովհետև այդ լուրն ընդհանրապես չպետք է չհրապարակվեր։
«Եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էդպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ–որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»,–ասաց նա։
Թաշչյանն ընդգծեց, որ իրենք հրապարակում են տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են պետական արողակարգային բնույթ և որոնց կազմակերպչական հարցերին մասնակցում է հիմնադրամը։