Բաքվի բանտում երեկոյան 6–ից հետո անգամ բուժքույր չկա, մարդը կարող է մահանալ. Սուջյան

Սուջյանի խոսքով` Եվրոպական դատարանում պետք է ապացուցվի, որ Ադրբեջանի ղեկավարություննանօրինական գործողություններով է առաջնորդվում, և Բաքվում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիները բռնադատվածներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված գլխավոր մտահոգությունն այն է, որ նրանք պատշաճ բժշկական օգնություն չեն ստանում։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 2020 թվականի նոյեմբերից ադրբեջանական գերության մեջ գտնված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Գևորգ Սուջյանը։
Ինչպես հայտնի է, հունվարի 14–ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով հանձնվեցին Հայաստանին։
«Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի հետևել, թե ինչպիսի իրավիճակում են հայ գերիները, նրանց առողջական վիճակը։ Այնտեղ բժշկական միջամտությունը զրո է։ Հետևողական չեն։ Երեկոյան 6–ից հետո այնտեղ բժշկական օգնությունը առհասարակ բացակայում է, նույնիսկ բուժքույր չկա։ Եթե մեկի հետ մի բան լինի, ոչ մի բժշկական միջամտությու չի լինելու, կարող են հանգիստ մահանալ»,–ասաց Սուջյանը։
Նա շեշտեց, որ իր դեմ կատարված անօրինական գործողությունների համար դիմել է Եվրոպական դատարան և ուզում է ցույց տալ, որ Բաքվում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիները բռնադատվածներ են։
«Պետք է ապացուցվի, որ անօրինական գործողություններով է առաջնորդվում Ադրբեջանի ղեկավարությունը, և հարցը բարձրացվելու է բարձր մակարդակներում»,–ասաց նա։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: