Ո՞ր դեպքում կկարգավորվեն ՀՀ–Թուրքիա հարաբերությունները. ՀՅԴ Հայ դատի հայտարարությունը

Հայ դատի կենտրոնական խորհուրդը քննադատել է պաշտոնական Երևանի վարած քաղաքականությունը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները անմտորեն և անվերապահորեն բավարարել են Թուրքիայի նախապայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է այն դեպքում, երբ թուրքական պետությունը փոխի իր վարքագիծը։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի` Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակած հայտարարությունում։
Խորհուրդը շեշտել է, որ չնայած անցած տասնամյակներին` 1915 թվականի ոճիրն առայսօր չի կարող համարվել ավարտված գործընթաց, քանի դեռ չկա քաղաքական ու բարոյական հատուցում։ Պատմական վերջին իրադարձությունները, մասնավորապես Արցախի հայաթափումն ու բռնագրավումը վառ ապացույցն են այն իրողության, որ հայության դեմ իրականացվող հանցագործությունն ունի շարունակական բնույթ։
«Հայոց ցեղասպանությունը ոչ թե ժամանակի և տարածության մեջ իրականացված և ավարտված ոճիր էր, այլ շարունակական հանցագործություն, որ միտված է բնաջնջելու կամ տեղահանելու հայությանն իր հայրենիքից»,- նշված է փաստաթղթում։
Հայ դատի կենտրոնական խորհուրդը նշել է, որ միջազգային ճանաչման պայքարը երբեք ինքնանպատակ չի եղել, այլ ծառայել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության երաշխիք։ Անդրադառնալով ներկայիս դիվանագիտական գործընթացներին՝ խորհուրդն ընդգծել է` սխալ է հայ-թուրքական հարաբերություններին մոտենալ դասական հակամարտությունների կարգավորման մեխանիզմներով։ Ըստ նրանց` այստեղ գործ ունենք «ցեղասպան կողմի» և «ցեղասպանված կողմի» հետ։
«Ցեղասպանության ընդունումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես ցեղասպանին՝ մաքրվելու պատմական խարանից ու դադարելու հանդիսանալ քաղաքակրթական վտանգ, այնպես էլ ցեղասպանվածին՝ իբրև երաշխիք ցեղասպանական մտադրությունների դադարեցման»,– ասված է հայտարարությունում։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը քննադատել է պաշտոնական Երևանի վարած քաղաքականությունը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները անմտորեն և անվերապահորեն բավարարել են Թուրքիայի նախապայմանները, սակայն փոխարենը ստացել են նոր պահանջներ և շարունակվող շրջափակում։ Խորհուրդն արձանագրել է, որ թուրքական կողմը ոչ միայն հրաժարվում է գործադրել համաձայնեցված նույնիսկ խորհրդանշական քայլերը, այլ նաև առաջադրում է նոր նախապայմաններ և շարունակում է Հայաստան-Թուրքիա հարաբե¬րությունները պայմանավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։ Թուրքական կողմը ըստ էության շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ենթարկել անօրի¬նական շրջափակման, ինչն իր բնույթով թշնամական քաղաքականության դրսևորում է։
«Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանի գործիքակազմում չի մնացել Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու որևէ գործուն հնարավորություն։ Այս պայմաններում է, որ ակնհայտ է դառնում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին պետք չէ մոտենալ, որպես հակամարտության։ Թուրքական պետության կողմից այնպիսի քաղաքական վարքի դրսևորումը, որը չի հետապնդում Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդում, և որը չի ենթադրում Հայոց ցեղասպանության ոճրագործության շարունակականություն, այն նախադրյալն է, որ կհանգեցնի Հայաստան-Թուրքիա միջպետական, իսկ ապագայում, գուցե նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,– ասված է հայտարարությունում։
Ըստ խորհրդի` տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության ու համակեցության ստեղծումը հնարավոր է միայն արդարության վերականգնման և սեփական պատմության հետ առերեսման միջոցով։
Հայտարարությունն ամփոփվում է ուղերձով, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ ուրացման, իսկ դրա միջազգայնացման հարցը չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։