Քրիստոսի արձանի ոչնչացման ֆոնին Իսրայելը քրիստոնյաների հարցերով հատուկ բանագնաց է նշանակել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Արաբա-հայկական ծագմամբ իսրայելցի դիվանագետ Ջորջ Դիկը, ով 2018-2025 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանում դեսպանի պաշտոնը, նշանակվել է քրիստոնեական աշխարհի հետ կապերի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում: Այս մասին հայտնում է «The Times of Israel» թերթը՝ վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին:
Հատուկ բանագնացը պետք է ամրապնդի հարաբերություններն արտերկրի քրիստոնեական համայնքների հետ։
Դիկը Իսրայելի դեսպանի պաշտոնը զբաղեցրած առաջին քրիստոնյան է։ Նա ծագումով Յաֆֆո քաղաքի արաբա-քրիստոնեական համայնքից է։
«Իսրայելը մեծ նշանակություն է տալիս քրիստոնեական աշխարհի հետ հարաբերություններին և հույս ունի, որ նոր նշանակումը կօգնի ամրապնդել դրանք»,- ասել է նախարարը, որի խոսքը մեջբերել է թերթը։
Հիշեցնենք, որ այս նշանակումը տեղի է ունենում մի շարք միջադեպերի ֆոնին, որոնք միջազգային քննադատություն են առաջացրել և բարդացրել քրիստոնեական համայնքների հետ երկխոսությունը: Առավել ցայտունը Լիբանանի հարավում տեղի ունեցած դեպքն է, երբ իսրայելական զինծառայողը ոչնչացրել է Հիսուս Քրիստոսի արձանը, ինչը դատապարտվել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը Լիբանանի հարավային մասում մուրճով հարվածում Հիսուս Քրիստոսի արձանին, տարածվել էր սոցցանցերում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «ապշած է և վշտացած»: Երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը միջադեպի համար ներողություն էր խնդրել յուրաքանչյուր քրիստոնյայից, ում զգացմունքները վիրավորվել են:
Ռոսսինգի կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականին գրանցվել են քրիստոնյաների դեմ ուղղված հարյուրից ավելի միջադեպեր, այդ թվում՝ բռնության և վանդալիզմի գործողություններ: Այս ֆոնին նոր նշանակումը դիտարկվում է որպես դիվանագիտական քայլ՝ ուղղված լարվածության նվազեցմանը և վստահության վերականգնմանը: