Պետք չէ, որ ամեն ինչ ինձ հետ համաձայնեցված լինի. Փաշինյանը` Սիմոնյանի հայտարարության մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգիստ է վերաբերվում Ստամբուլում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությանը։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում` հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիման ժամանակ ասել է, որ Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը, խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Պետք չէ, որ ամեն ինչ ինձ հետ համաձայնեցված լինի. ԱԺ նախագահը բարձրաստիճան պաշտոնյա է և կարող է դիրքորոշումներ, տպավորություններ արտահայտել, ձևակերպումներ անել»,– հայտարարեց Փաշինյանը` ավելացնելով, որ լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չկա։
Նա միայն ավելացրեց, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ և Ադրբեջանի, և Թուրքիայի հրապարակային հայտարարություններին ուշադիր հետևողները կարող են անել որոշակի հետևություններ, իսկ թե դրանք ինչքանով ուղիղ կամ դիվանագիտական ճանապարհներով կձևակերպեն, դա արդեն 2–րդական խնդիր է։
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը Թուրքիա էր մեկնել` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։