ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի խցանումների կարգավորման հետ կապված դեռևս հստակ լուծում չունի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին նա հիշեցրեց միայն, որ մայրաքաղաքն անսահմանափակ մեքենաներ ընդունելու կարողություն չունի։
«Աշխարհում որևէ քաղաք «безразмер» չէ» չէ, այսինքն՝ կա քանակ, որ կարող է մտնել-դուրս գալ, ու կա քանակ, որ չի կարող։ Վարորդները պետք է ուշադիր լինեն երթևեկության առումով։ Պետք է ինչ-որ պահի ինչ-որ որոշում կայացվի»,– ասաց Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե ինչ որոշման մասին է խոսքը։
Փաշինյանը հիշեցրեց, որ մայրաքաղաքում երթևեկության, մասնավորապես՝ խցանումների կարգավորման հետ կապված աշխատանքային խումբ է գործում։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու` 2025 թ. նոյեմբերի 18–ի որոշմամբ` Երևանում պետք է ստեղծվեր «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ՝ երթևեկության ոլորտում ավելի ճկուն քաղաքականություն վարելու համար։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ ճգնաժամային խմբի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ մայրաքաղաքում ավելացող խցանումների լուծումը տեսնում է մասնավոր մեքենաների օգտագործումը սահմանափակելու մեջ: