ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանում բենզնինի գները կշարունակեն աճել, եթե չկարողանանք Ռուսաստանից կայուն մատակարարումներ ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանն` անդրադառնալով վերջին շրջանում բենզինի` հայաստանյան շուկայում արձանագրվող գնաճին։
Նա ևս հաստատում է, որ բենզինի գների վրա ազդել են Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները, ըստ այդմ նաև դիզելային վառելիքի համաշխարհային գների տատանումները, ինչպես նաև ռուս–ուկրաինական հակամարտության արդյունքում ռուսական շուկայում ձևավորված անկայուն իրավիճակը։ Միաժամանակ տնտեսագետը հիշեցնում է, որ Հայաստանի համար` որպես բենզինի խոշոր արտահանող, շարունակում է մնալ Ռուսաստանը, իսկ Ադրբեջանն այս հարցում այլընտրանք է, բայց ոչ մեծ ծավալի։
Պարսյանի կարծիքով` ռուսաստանյան ընկերությունների հետ մենք պետք է ունենանք երկարաժամկետ մատակարարման պայմանագրեր` գնային տատանումներից խուսափելու և վառելիքի կայուն մատակարարում ունենալու համար։
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանից մենք տարեկան ներկրում ենք մոտ 200 հազար տոննա բենզին, այսինքն` մեր էներգակիրների մոտավորապես 90%–ը։ Պարսյանին զարմացրել է այս հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը, թե Ռուսաստանի կողմից ապրիլի 1–ից կիրառվող բենզինի արտահանման սահմանափակումը չի կարող ազդել հայաստանյան շուկայի վրա, քանի որ մենք ՌԴ–ից շատ քիչ քանակությամբ ենք բենզին ներկրում. վերջին ամիսներին մեր շուկայում ավելի շատ վաճառվում է եվրոպական, մասամբ՝ ադրբեջանական, իրական և նաև ռուսական ծագման բենզին։
«Պաշտոնապես Հայաստանը Ռուսաստանից ներկրում է մոտ 450 000 տոննա բենզին և դիզելային վառելիք։ Շատ փոքր հատված բերում ենք Վրաստանից, Բուլղարիայից, մի փոքր էլ՝ Ռումինիայից։ Վերջին ամիսների ընթացքում նաև շատ փոքր քանակությամբ ներկրում ենք Ադրբեջանից։ Անգամ, երբ նայում ենք ԵՄ երկրների հետ մեր առևտրի ծավալը, տեսնում ենք, որ այն նվազել է, և հիմնական կախվածությունը շարունակում ենք ունենալ Ռուսաստանից»,– նշեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է ներկրվող ադրբեջանական բենզինին, ապա, ըստ Պարսյանի` դրա ծավալներն այնքան փոքր են, որ կազմում են մեր սպառման մոտավորապես 1,2%–ը։ Ըստ նրա` չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն ինքը բենզին ներկրող երկիր է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից և Արաբական Էմիրություններից։
Պարսյանի կարծիքով` Ադրբեջանը, բենզին արտահանելով Հայաստան, ոչ թե, այսպես ասած, լավություն է անում հայ ժողովրդին, այլ լուծում է իր արտաքին քաղաքական խնդիրները, իսկ ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին բենզինի մատակարարումները մատուցում են խաղաղության հաստատման ենթատեքստում։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին, երբ Ադրբեջանից սկսվեց բենզինի ներկրումը, հայաստան շուկայում գները 500–520 դրամից իջան 440–460 դրամ։ Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունների արդյունքում այս պահին բենզինի գները վերադարձել են 2025 թ. տարեվերջի ցուցանիշներին` 500–520 դրամ։