Առաջադրման հայտ են ներկայացրել 8 կուսակցություն և 1 դաշինք․ ԿԸՀ մամուլի խոսնակ

Քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետից հետո կսկսվի գրանցումը և տևելու է մինչև մայիսի 3-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ են ներկայացրել 8 կուսակցություն և 1 դաշինք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։

«Հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որի կազմում «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» կուսակցություններն են»,- ասաց Ղուկասյանը։

Բացի այդ, առաջադրման հայտ են ներկայացրել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը։
Քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետը 18։00-ն է, հենց այդ ժամանակ լրանում է նաև օգտահաշիվ ստանալու ժամկետը (ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցության դաշինքի համար պարտադիր է ունենալ օգտահաշիվ)։ Ընդհանուր առմամբ օգտահաշվի 24 հայտ են ստացել, բայց դա չի ենթադրում, որ 24 օգտահաշիվ լինելու է։
Ղուկասյանն ընդգծեց, որ ընդամենը մեկ ժամ առաջ ստացել են նաև նոր քաղաքական ուժի կողմից օգտահաշիվ ստանալու հայտ։ Խոսքը «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության մասին է, որի ղեկավարը Վարդան Ղուկասյանն է։
Վերջնաժամկետի լրանալուն պես համակարգը ինքնաշխատ կերպով փակվելու է, և այլևս հնարավոր չի լինի հայտ ընդունել։
Առաջադրման վերջնաժամկետից հետո կսկսվի գրանցումը, որը կտևի մինչև մայիսի 3-ը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։