ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՎՏԲ խումբն ավարտում է Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող ձեռնարկության վաճառքը, որը բանկին էր անցել պարտքերի դիմաց։ Այս մասին «Փոփոխությունների կապիտալ. նոր ներդրումային լանդշաֆտի ուրվագծերը» բիզնես-երկխոսության ժամանակ հայտարարել է բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ՎՏԲ-ն մի շարք ոչ պրոֆիլային ակտիվների, այդ թվում՝ «Գալս» կառուցապատող ընկերության վաճառքի եզրափակիչ փուլում է։
Կոստինի խոսքով՝ բանկն արդեն իրացրել է մի քանի հյուրանոցային ակտիվ։ Բանակցություններ են ընթանում նաև «Պուլկովո» օդանավակայանի և հացահատիկի բիզնեսի վաճառքի շուրջ։
«Նաև պղնձի արտադրության ձեռնարկություն կար Հայաստանում, որը մեզ էր անցել պարտքերի դիմաց, այնտեղ նույնպես ավարտական փուլում ենք»,- նշել է Կոստինը։
Նշենք, որ ՎՏԲ-ն վերջին տարիներին հետևողականորեն կրճատում է ոչ պրոֆիլային ակտիվների մասնաբաժինը՝ կենտրոնանալով բանկային բիզնեսի վրա։
«Գալս» կառուցապատողը (նախկինում՝ «Gals-Development») բանկի կառուցվածքի մեջ էր մտել 2008–2009 թվականների ճգնաժամից հետո։ Մի շարք ակտիվներ, այդ թվում՝ արտասահմանյան, ՎՏԲ-ին էին փոխանցվել պարտքերի մարման դիմաց, այդ թվում՝ արդյունաբերական ձեռնարկությունը Հայաստանում։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ տվյալ ընկերությունից («Թեղուտ» ՓԲԸ) նշել են, որ ընկերության վաճառքի գործընթացի մասին տեղեկատվությունը շրջանառվում է 2021 թվականից՝ հավելելով, որ այս պահին կցանկանային զերծ մնալ մեկնաբանություններից։