ՀԷՑ–ի նոր բաժանորդ դառնալու վճարները նվազեցվել են. ՀԾԿՀ

Էլեկտրաէներգիայի հաշվիչներ
Փոփոխությունները վերաբերում են ինչպես առանձնատներին և առևտրային սպառողներին, այնպես էլ բազմաբնակարան շենքերի կառուցապատողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նվազել են մինչև 40%-ով։ Այս մասին հայտնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Այսօր ընդունված որոշման համաձայն` մինչև 55%-ով էլ նվազել են էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները։
Փոփոխությունները վերաբերում են ինչպես առանձնատներին և առևտրային սպառողներին, այնպես էլ բազմաբնակարան շենքերի կառուցապատողներին։ Նոր սակագները սահմանվել են 0.22 կՎ և 0.4 կՎ լարման միացումների համար։
«10 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 40%-ով՝ սահմանվելով 166 հազար դրամ` գործող 277 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 46%-ով՝ սահմանվելով 124 հազար դրամ՝ գործող 229 հազար դրամի փոխարեն։ 14 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 34%-ով՝ սահմանվելով 199 հազար դրամ, գործող 300 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 40%-ով՝ սահմանվելով 140 հազար դրամ՝ գործող 234 հազար դրամի փոխարեն»,– ասված է հաղորդագրությունում։
ՀԾԿՀ–ն հայտնում է, որ 0.4 կՎ լարմամբ միացող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարի հաստատուն բաղադրիչը նվազեցվել է շուրջ 24%-ով՝ սահմանվելով 229 հազար դրամ` գործող 300 հազար դրամի փոխարեն, իսկ փոփոխական ծախսերի մեծությունը Երևան քաղաքի համար՝ շուրջ 65%-ով՝ սահմանվելով 16 հազար դրամ՝ գործող 46 հազար դրամի փոխարեն, հանրապետության մյուս տարածքների համար՝ շուրջ 55%-ով՝ սահմանվելով 9 հազար դրամ՝ գործող 20 հազար դրամի փոխարեն։
Բազմաբնակարան շենքերի միացման վճարների հաշվարկում ևս փոփոխություններ են կատարվել։ Միաֆազ միացման դեպքում 10 կՎԱ հզորության համար Երևանում վճարը սահմանվել է 406 հազար դրամ՝ նախկին 672 հազար դրամի փոխարեն, իսկ մարզերում՝ 275 հազար դրամ` գործող 448 հազար դրամի փոխարեն։ 14 կՎԱ հզորության դեպքում Երևանում վճարը կազմել է 424 հազար դրամ, մարզերում՝ 318 հազար դրամ։
«2. 0.4 կՎ (եռաֆազ) լարմամբ միացման դեպքում հաստատուն բաղադրիչը նվազեցվել է շուրջ 24%-ով՝ սահմանվելով 229 հազար դրամ` գործող 300 հազար դրամի փոխարեն, իսկ փոփոխական ծախսերի մեծությունը Երևան քաղաքի համար՝ շուրջ 31%-ով՝ սահմանվելով 61 հազար դրամ՝ գործող 89 հազար դրամի փոխարեն, հանրապետության մյուս տարածքների համար՝ շուրջ 33%-ով՝ սահմանվելով 28 հազար դրամ՝ գործող 42 հազար դրամի փոխարեն»,–նշել է ՀԾԿՀ–ն։
Կոմիտեն ընդգծել է, որ ընդունված փոփոխություններով նախատեսվում է թեթևացնել նոր սպառողների միացման ֆինանսական բեռը և խթանել էներգետիկ ենթակառուցվածքների հասանելիությունը։