ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում ստեղծվել է «Stugel.am» նոր հարթակը, որը նախատեսված է ապատեղեկատվության դեմ պայքարում հանրությանն աջակցելու համար։ Այս մասին հայտարարեց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ժամանակ։
Նրա խոսքով` հարթակը կտա տեքստային, լուսանկարային և տեսանյութային կոնտենտի ստուգման հնարավորություն։
«Այս գործիքի նպատակը ոչ թե միայն մասնագիտական հանրությանը, այլ ավելի շատ հասարակությանն աջակցելն է՝ տրամադրելով այնպիսի հարթակ, որը հնարավորություն կտա վերիֆիկացնել, նույնականացնել և ճանաչել որոշակի կոնտենտ»,- ասաց Ծառուկյանը։
Նա ընդգծեց, որ հարթակի գործարկումը բխում է ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների գործողությունների ծրագրից, որը ստեղծվել է էստոնական ընկերության աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ։
Կարևորելով մեդիագրագիտության դերը` Ծառուկյանը շեշտեց, որ այս ուղղությամբ ակտիվ համագործակցություն կա քաղաքացիական հասարակության հետ։
Գոռ Ծառուկյան
© Sputnik
«Ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է ունենա նաև հարձակողական բնույթ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն արձագանքել ապատեղեկատվությանը, այլ նաև կանխել այն։ Քաղհասարակության ներկայացուցիչները և մեր գործընկերները բավականին ակտիվ են այս հարցում և աջակցում են, որպեսզի մենք կարողանանք ճիշտ գործիքներով նպաստել հանրության մեդիագրագիտության բարձրացմանը»,- ասաց նա։
Ծառուկյանի գնահատմամբ` վերջին շրջանում քաղաքացիների մոտ ձևավորվել է քննադատական մոտեցում տեղեկատվության նկատմամբ, սակայն անհրաժեշտ է նաև գործիք տրամադրել այդ տեղեկատվությունը ստուգելու համար։Նա ներկայացրեց հարթակի հիմնական գործառույթները՝ նշելով, որ «Stugel.am»-ը ունի երեք հիմնական գործիք։
«Առաջինը տեքստային կոնտենտի վերիֆիկացիան է, երկրորդը՝ նկարների, երրորդը՝ տեսանյութերի»,- ասաց նա։
Տեխնոլոգիաների շարունակաբար զարգացման ֆոնին հարթակը պետք է մշտապես թարմացվի։
Ծառուկյանը հավելեց, որ հարթակը հասանելի է լինելու յուրաքանչյուրի համար և չի ենթադրում որևէ վճար։ Սակայն չարաշահումներից խուսափելու նպատակով որոշ սահմանափակումներ կկիրառվեն։
Հիշեցնենք` Եվրամիությունը նախնական 2 տարով քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան։ Ըստ ՀՀ արտգործնախարարության` նոր քաղաքացիական առաքելությունը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին: