«Երջանիկ եղեք»․ Պուտինը շքանշան է հանձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նունե Ասատրյանին

Ասատրյանը 25 տարեկան է, ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երջանիկ մայրություն է մաղթել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նունե Ասատրյանին՝ Կրեմլում մարզիկներին պետական պարգևների հանձնման ժամանակ:
Նրանց թվում էր նաև Նունե Ասատրյանը, որը հղի է. նա արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի:
«Հուսով եմ, որ դուք երջանիկ մայր կլինեք և կկարողանաք աջակցել երկրի զարգացման մյուս կարևորագույն ուղղությանը՝ ժողովրդագրությանը»,– ասել է Պուտինը:
Նունե Ասատրյանը ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: Հենց այնտեղ էլ նա առաջին անգամ սկսել է զբաղվել բռնցքամարտով՝ իր առաջին մարզիչ Ռաֆիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Կրասնոդար, որտեղ մարզական կարիերան շարունակել է «Իմպերիալ» մարտարվեստի դպրոցում։ Իր ոսկե մեդալը նա նվաճել է 2025 թվականին Սերբիայի Նիշ քաղաքում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։