ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Բիզնես գործունեությունը և բնությունը կարող են խաղաղ գոյակցել և գործընկերություն անել, եթե կա պատասխանատու մոտեցում։ Այս համոզմանն է «Robust Armenia 2026» կոնֆերանսի կազմակերպիչներից «Մեդիամաքս մեդիա» ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը։
«Հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք համարվում են բնությանն ամենից շատ վնաս տվողներից, բավական լուրջ գործունեություն են ծավալում նվազեցնելու իրենց ազդեցությունը, ինչպես նաև վերականգնելու բնությունը։ Այս պարագայում խնդիրը գտնվում է կոնկրետ ընկերությունների որոշումների և պատասխանատվության տիրույթում։ Եթե այդ պատասխանատվությունը կա, ուրեմն, կարելի է ակնկալել, որ բնության հասցվող վնասը նվազագույն կլինի կամ հասցված վնասի փոխարեն ընկերությունն ինչ–որ բան կվերադարձնի բնությանը»,– ընդգծեց նա։
«Robust Armenia 2026»–ը թվով 3–րդ կոնֆերանսն է և այս տարվա թեման է «Բիզնեսը և բնությունը»: Կոնֆերանսի համար այս թեման է ընտրվել` հաշվի առնելով այս տարի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության հարցերին նվիրված COP–17 գագաթնաժողովը։
Կոնֆերանսի գործընկերներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով` վերականգնվող էներգետիկայի տեսանկյունից իրենց ընկերությունը շատ քայլեր է ձեռնարկել։
«ԶՊՄԿ–ն կանաչ էներգիայի առումով այսօր որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում պատասխանատվություն բառն է, որը վերաբերում է ցանկացած ուղղության, սակայն կայուն զարգացմանն առնչվող ամենակարևոր հատվածը բնապահպանական, սոցիալական պատասխանատվությունն է։ Այսինքն՝ կայուն զարգացումն այսօր դիտարկվում է որպես ժամանակակից բիզնես մոդել։ ԶՊՄԿ–ն այսօր փորձում է հետ չմնալ ժամանակակից այդ տենդեցներից»,– ընդգծեց Ստեփանյանը։
Ըստ նրա` որպես ամենախոշոր սպառում ունեցող ընկերություն` ԶՊՄԿ–ն վերականգնվող էներգետիկան իր ռազմավարության հիմնական մաս է համարում։ Դեռ անցած տարի ընկերությունը մինչև 100 ՄՎտ հզորության արևային կայանների ծրագիր է կյանքի կոչել, որի առաջին արդյունքները շուտով ակնհայտ կլինեն։
Ստեփանյանը համոզված է` եթե որևէ ծրագրի կամ նախաձեռնության հիմքում տնտեսական բաղադրիչ չկա, այն չի կարող լինել կայուն, այլ կունենա միայն կարճաժամկետ արդյունք։
«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանն իր հերթին նշեց, որ կենսաբազմազանության պահպանման և կանաչ էներգիայի զարգացման առումով իրենց ընկերությունը ստանձնել է կոնկրետ պատասխանատվություն և իրականացնում են բազմաշերտ քայլեր։
«Հանքի տարածքում հայտնաբարել էինք հազվագյուտ աճող մի բույս, ու եթե ընկերությունը քիչ պատասխանատու լիներ, կարող էր այդ բույսն ուղղակի վերացնել, և որևէ մեկը այդ մասին չէր իմանար։ Մինչդեռ, ընդհակառակը, ծախսել ենք պատկառելի գումար և փորձել խնդրին լուծում գտնել, պահպանել բույսը»,– նշեց նա։
Ըստ Պեպանյանի` այստեղ, օրինակ, պետության կողմից` որպես կարգավորիչի, պահանջ չի եղել, այլ ընդամենը եղել է ընկերության դիրքորոշում։