ԵՐԵՎԱՆ,21 ապրիլի – Sputnik. Նյութերը ներկայացնելու համար որքանո՞վ է կարևոր լուսանկարը, և կարո՞ղ է արհեստական բանականությունը (ԱԲ) փոխարինել մարդուն: SputnikPro հերթական կրթական ծրագրի ժամանակ Հայ-ռուսական համալսարանի մագիստրանտների համար վարպետության դասին այս թեմաներին անդրադարձավ ՌԻԱ Նովոստիի տեսողական նախագծերի ծառայության ավագ խմբագիր և Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Եկատերինա Վոլկովան:
Եկատերինա Վոլկովա
© Sputnik
Վոլկովան ամերիկա-իրանական հակամարտության մասին Sputnik Արմենիայի նյութերի օրինակով բուհի ուսանողներին պատմեց լրատվամիջոցներում լուսանկարչության հիմնական գործառույթների և տեղեկատվական լուսանկարների ընտրության չափանիշների մասին։
«Իմ կարծիքով` տվյալ պարագայում լուսանկարներն օժանդակում են նյութի վերնագրին՝ արտացոլելով բովանդակությունը։ Բիլդ–խմբագրի (ֆոտոխմբագրի - խմբ.) խնդիրն այս դեպքում նկար ընտրելն է, հասկանալը, թե ինչ պատկեր է պետք, ինչպես կարելի է նկարազարդել նյութը, ինչպես ճիշտ նկարագրություն գրել դրա համար», – ասաց Եկատերինա Վոլկովան։
SputnikPro-ի «Լուսանկարչությունը` որպես ժամանակակից մուլտիմեդիա տեղեկատվական ռեսուրսի հիմնական բաղադրիչ. բիլդ-խմբագրի աշխատանքը» թեմայով դասընթացը
© Sputnik
Որպես երիտասարդ լուսանկարիչների համար հաջողված օրինակ, թե ինչպես է զգացմունքային արձագանքն ամրապնդում նյութի հիշելիությունը, նա ցույց տվեց Մխիթար Խաչատրյանի «Քսաներորդ դարի Մադոննան» (հայտնի է նաև որպես «հայկական Մադոննա») լուսանկարը:
SputnikPro-ի «Լուսանկարչությունը` որպես ժամանակակից մուլտիմեդիա տեղեկատվական ռեսուրսի հիմնական բաղադրիչ. բիլդ-խմբագրի աշխատանքը» թեմայով դասընթացը
© Sputnik
Ըստ Վոլկովայի` գրաֆիկայի և տեխնիկայի տեսակետից գեղեցիկ, գրավիչ լուսանկար ստեղծելու փոխարեն հեղինակը շեշտը դրել է մեր գիտակցության մեջ գոյություն ունեցող կերպարների և նախակերպարների վրա: Ի վերջո, Մադոննան և՛ Աստվածածինն է, և՛ մայրը, ինչի շնորհիվ այս լուսանկարն ինչ–որ առումով ձեռք է բերել լայն ճանաչում։
«Քսաներորդ դարի Մադոննան» լուսանկարը
© Sputnik
«Բավական է կնոջ և նրա երեք երեխաների վրա մեկ հայացք, և ամեն ինչ պարզ է դառնում առանց բառերի։ Լուսանկարիչը կարող է մի լուսանկարով տեքստային նյութից ավելին ասել։ Եվ կան այնպիսի նկարներ, որոնք ոչ թե ուղղակի մտնում են ֆոտոլրագրության պատմություն, այլև մնում են հանդիսատեսի սրտերում. Խաչատրյանի այս լուսանկարը հենց այդպիսին է», — նշեց փորձագետը:
Եկատերինա Վոլկովա
© Sputnik
Նա նաև անդրադարձավ մեր օրերի շատ լուսանկարիչների հետաքրքրող թեմային՝ արհեստական բանականությունը ամբողջությամբ երբևէ կփոխարինի՞ նրանց: Վոլկովայի կարծիքով՝ ԱԲ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներն այսօր հիշեցնում են 20-ամյա վաղեմության վեճերն այն մասին, թե արդյոք պլանշետները դուրս կմղեն սովորական գրքերը:
Պրակտիկան ցույց է տվել, որ պլանշետների հանդեպ հետաքրքրքրությունն աստիճանաբար մարում է, իսկ գրքերը շարունակում են տպագրվել։ Նման մի բան էլ կատարվում է նեյրոցանցի հետ՝ տեղի է ունենում հեղինակային բովանդակության արժեքի որոշակի վերագնահատում, բարձրանում է հեղինակի դերը, առաջանում է ըմբռնում, որ կենդանի մարդուն, լրագրողին և լուսանկարչին անհնար է լիարժեք փոխարինել «հուշումներով» ստեղծված բովանդակությամբ։
SputnikPro-ի «Լուսանկարչությունը` որպես ժամանակակից մուլտիմեդիա տեղեկատվական ռեսուրսի հիմնական բաղադրիչ. բիլդ-խմբագրի աշխատանքը» թեմայով դասընթացի մասնակիցները
© Sputnik
«Լուսանկարելիս մենք պարզապես կոճակ չենք սեղմում։ Օրինակ, այստեղ՝ լսարանում, դուք շատ եք։ Եթե ձեզ հանձնարարվեր հիմա անել իմ լուսանկարը, ապա բոլորդ տարբեր արդյունք կստանայիք: Քանի որ տեսախցիկի հետևում հեղինակն է, իսկ նրա հետևում՝ իր կյանքի փորձը, շրջակա աշխարհի նկատմամբ վերաբերմունքը, գույնի, լույսի իրականության ընկալումը։ Այս ամենը մի կողմ դնելով՝ մենք կարող ենք ստանալ կոմպոզիցիոն առումով լավ, հստակ պատկեր, բայց այն կլինի անհոգի և զուրկ ահա այս հեղինակային բաղադրիչից», — եզրափակեց նա։
Ի՞նչ է SputnikPro-ն
SputnikPro-ն «Sputnik» լրատվական գործակալության նախաձեռնած «Sputnik» մեդիա կրթական միջազգային նախագիծ է։ Այն ռուսաստանցի և օտարերկրյա լավագույն մեդիա մենեջերների, փորձագետների և գործակալության առաջատար մասնագետների եզակի սեմինարների, դասախոսությունների և վարպետության դասերի համակարգ է, որը կազմակերպվում է լրագրողների, մամուլի քարտուղարների, բլոգերների և բուհերի մասնագիտացված բաժանմունքների ավագ կուրսերի ուսանողների համար:
Sputnik-ի կրթական մոդուլներ անցկացվել են արդեն 24 երկրներում՝ Հայաստանից մինչև Հնդկաստան, Հունաստանից մինչև Չինաստան։ 2018 թվականից 24 երկրներում տեղի են ունեցել առկա ձևաչափով հանդիպումներ, իսկ ավելի քան 80 երկրներում՝ հեռավար դասեր: SputnikPro-ին մասնակցել է ավելի քան 15 000 մարդ: