Նուբարաշենի աղբավայրի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է

Նուբարաշենի աղբավայր. Արխիվային լուսանկար
Աղբավայրի սանհանգույցում՝ կոյուղագծի միջոցով, բիոգազի և շմոլ գազի կուտակում է եղել, ինչն էլ լույսը միացնելուց հետո պայթյունի պատճառ է դարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանը։
Նշենք, որ ապրիլի 18-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով աղբավայրի տնօրենից բացի տուժել է նաև աշխատակիցներից մեկը՝ 54-ամյա Էդիկ Միսակյանը։
«Ե՛վ աղբավայրի տնօրենի, և՛ աշխատակցի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Առավոտվա դրությամբ, և՛ տնօրենի, և՛ աշխատակցի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, 15 տոկոս ախտահարում կա այս պահին ձեռքերի և դեմքի շրջանում։ Կարևորը՝ նրանց շնչառական օրգաններն ախտահարված չեն, մաքուր են»,- ասաց Կարապետյանը։
Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը շեշտեց՝ սանհանգույցում՝ կոյուղագծի միջոցով, բիոգազի և շմոլ գազի կուտակում է եղել, ինչն էլ լույսը միացնելուց հետո պայթյունի պատճառ է դարձել։ Տնօրենը տհաճ հոտ է զգացել, փորձել է ճշտել ինչն է պատճառը, մտել է ներս, լույսը միացրել ու պայթյուն է տեղի ունեցել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդեց՝ պետք է ամբողջական մոնիթորինգ իրականացնել։ Նա որակեց, որ շատ վատ դեպք է տեղի ունեցել։
«Բավականին վտանգավոր միջավայր է, և պետք է համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ։ Աղբավայրում շատ մեծ ծավալի աշխատանք է արվել, բայց նման դեպքերը ցույց են տալիս, որ անվտանգության կանոնների հետ կապված անելիք ունենք»,- ասաց Ավինյանը։
Հավելենք նաև՝ Sputnik Արմենիային Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հոդվածով։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում։ Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։