ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գխավորությամբ, ուղևորվել է Պակիստան` Իրանի հետ բանակցելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտնել է «The New York Post» թերթին:
«Ենթադրվում է, որ մենք բանակցություններ կանցկացնենք», - կարճ հարցազրույցում ասել է Թրամփը՝ հերքելով բանակցությունների տապալման մասին կասկածները:
Նա հաստատել է, որ պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և խորհրդական Ջարեդ Քուշները:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հանդիպման ժամանակացույցը ցույց է տալիս բանակցությունների հրատապությունը, որոնք տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից մի քանի օր առաջ՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին:
Թրամփն ակնարկել է, որ պատրաստ է վճռական դիվանագիտական քայլի՝ Իրանի ղեկավարության հետ ուղիղ հանդիպման, եթե նման հնարավորություն ընձեռվի:
«Ես նրանց հետ հանդիպելու խնդիր չունեմ... Եթե ցանկանան հանդիպել, իսկ մենք շատ կարող մարդիկ ունենք, բայց ես նրանց հետ հանդիպելու խնդիր չունեմ», – ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։