ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել գյումրեցի ծանրորդուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ հաջող հանդես գալով Բաթումիում ընթացող ծանրամարտի մեծահասակների առաջնությունում։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
55 կգ քաշային կարգում մրցող մարզուհին երկամարտում գրանցել է 210 կգ արդյունք (91+119), ինչը նրան ապահովել է պատվո երկրորդ հորիզոնականը։
Պոկում վարժությունում Գրիգորյանը հաջողությամբ բարձրացրել է 88 և 91 կգ կշռող ծանրաձողերը՝ այս փուլում զբաղեցնելով 4-րդ տեղը։ Իսկ հրում վարժությունում հանդես է եկել ավելի վստահ՝ հերթականությամբ բարձրացնելով 115 և 119 կգ և նվաճելով փոքր բրոնզե մեդալ։
Հատկանշական է, որ Եվրոպայի նախորդ առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը ցույց էր տվել 202 կգ արդյունք (85+117), իսկ այս տարի կարողացել է բարելավել իր ցուցանիշը՝ ևս մեկ քայլ առաջ գնալով միջազգային մրցահարթակում։