Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստան–Թուրքիա սահմանը կբացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը, խոչընդոտում է Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Ակոս» օրաթերթի փոխանցմամբ` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Թուրքիայում` հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիման ժամանակ։ Սիմոնյանն անդրադարձել է նաև հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությանը` հույս հայտնելով, որ շուտով այն իրականություն կդառնա։
«Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք կտեսնենք, որ սահմանը բացվել է և դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են։ Մեր կողմից և Թուրքիայի կողմից արվել է ամեն ինչ։ Որևէ քննարկում կամ խնդիր չի առաջանում։ Կրկնում եմ՝ սա պայմանավորված է Ադրբեջանի լոբբիստական ազդեցությամբ։ Թուրքիան գտնվում է այդ ազդեցության գերության ներքո»,– ասել Սիմոնյանը։
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը Թուրքիա է մեկնել` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահը Ստամբուլում հանդիպել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ ՀՀ ԱԺ խոսնակը Ստամբուլում հանդիպել է նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ։