ՌԴ-ն ձգտելու է նացիստների հանցագործությունները ճանաչել որպես ԽՍՀՄ ժողովրդի ցեղասպանություն

Մոսկվան թույլ չի տա մոռացության մատնել տեղի ունեցածը՝ ի հեճուկս նրանց ջանքերի, ովքեր այսօր մտադրված են հերթական անգամ Եվրոպան տանել ռասայական գերազանցության արդեն ծանոթ ուղով, նշել է ՌԴ արտգործնախարարը։
Sputnik
Ռուսական դիվանագիտությունը ձգտելու է հասնել նրան, որ նացիստների և նրանց կամակատարների հանցագործությունները Խորհրդային Միության քաղաքացիների դեմ միջազգային հանրության կողմից ճանաչվեն որպես խորհրդային ժողովրդի ցեղասպանություն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր տեսաուղերձում։
1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն այս տարի նշվում է առաջին անգամ:
«Ռուսաստանը կշարունակի վճռականորեն պաշտպանել պատմական ճշմարտությունը, հակազդել նացիստական հանցագործներին և նրանց կամակատարներին արդարացնելու փորձերին, Երկրորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ճանաչված արդյունքների վերանայմանը», – նշել է նախարարը:
Լավրովը պարզաբանել է, որ ապրիլի 19-ի ընտրությունը պատահական չէր։ 1943 թվականի այս օրը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հրապարակել է թիվ 39 հրամանագիրը՝ խորհրդային քաղաքացիների սպանության և տանջանքների, ինչպես նաև Կարմիր բանակի գերի վերցված զինվորների, լրտեսների, հայրենիքի դավաճանների և նրանց հանցակիցների համար պատժի միջոցների մասին։
Հրամանագիրը դարձել է առաջին փաստաթուղթը, որն իրավական ձևակերպում է տվել նացիստների և համագործակիցների կողմից քաղաքացիական բնակչությանը ոչնչացնելու համակարգված քաղաքականությանը և հիմք ստեղծել նրանց պատասխանատվության ենթարկելու համար։
Գերմանացի ռազմական հանցագործների դեմ հետագայում կազմակերպված առաջին դատավարություններից էին Կրասնոդարի և Խարկովի դատավարությունները։ Դրանց արդյունքները զգալիորեն ազդել են Նյուրնբերգի ռազմական տրիբունալի աշխատանքի վրա։ Նյուրնբերգյան դատավարության ընթացքում ներկայացված ապացույցները և դրանց իրավական գնահատականը հնարավորություն են տվել քննարկել Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում՝ հիմնականում ԽՍՀՄ-ում, ժողովուրդների ցեղասպանության հարցը։
«Թշնամին չէր թաքցնում, որ ոչնչացման պատերազմ էր մղում մեր հայրենիքի դեմ։ Արդեն 1941 թվականի սեպտեմբերի 16-ին Վերմախտի գերագույն գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Կեյտելի շտաբի պետի հրամանով գերմանական զորքերին հրամայվել է չխնայել խաղաղ բնակչությանը։ Վայրագությունները պատմության մեջ աննախադեպ մասշտաբների էին», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Օկուպացիայի ընթացքում Խորհրդային Միության քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը կազմել է մոտ 14 միլիոն մարդ։ Ռուսաստանում քրեական պատասխանատվություն է նախատեսված նացիզմի վերականգնման համար, ներառյալ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պղծող գործողությունները: