Քարանձավ-առողջարան՝ երկրի մակերևույթից 235 մետր ներքև․ Աղի հանքի բուժական գաղտնիքները

Մարդիկ հույս ունեն, որ առողջապահության նախարարությունը ոչ միայն կներառի անձավաբաժությունը առողջության ապահովագրության համակարգում, այլև կառավարությունն էլ արժանի ուշադրություն կդարձնի կենտրոնին։
Sputnik
Գիտե՞ք, որ Երևանի Ավան թաղամասում ստորգետնյա առողջարան կա, որի նմանն ամբողջ տարածաշրջանում չկա։ Աղի հանքի մասին երևի բոլորն են լսել. 1980-ականներին հատուկ նախագիծ է մշակվել, աղի հանքի տարածքից 4000 քառակուսի մետր տարածք է հատկացվել՝ քարանձավ-առողջարանի կառուցման համար, փորվել են քնի սենյակներ, առանձնացվել զբոսանքի և մարզանքի գոտիներ և այլն։ 1987թ․-ից տարածաշրջանում միակ կենտրոնը սկսել է առաջին հիվանդներին ընդունել։
Անձավաբուժության հանրապետական կենտրոն մուտք գործելու համար պետք է նախապես գրանցվել ու վաղ առավոտյան գալ՝ աղի հանքի հատուկ վերելակով (որով նաև աղակտորներն են հանքից վերև բարձրացվում) քարանձավային առողջարան իջնելու համար։ Մինչ այդ բոլորին սաղավարտներ են բաժանվում, ու սկսվում է իսկական հանգիստը՝ իջեցում 235 մետր երկրի մակերևույթից ներքև՝ դեպի աղե մի աշխարհ, որտեղ չկան աղմուկ, փոշի, վնասակար նյութեր, ռադիացիա և որն ամենակարևորն է՝ հեռախոսակապ։
Ամառ թե ձմեռ՝ այստեղ կայուն՝ 19- 20 աստիճան է։ Շուրջ 4 տասնամյակ է՝ մարդիկ Հայաստանից ու աշխարհի տարբեր կողմերից գալիս են բրոնխիալ ասթման, բրոնխիտը, ալերգիաները, շնչառական բազմապիսի խնդիրները բուժելու համար։ Բնական աղի քարանձավում յուրահատուկ միկրոկլիման, օդի բաղադրությունը, խոնավությունը՝ ամեն բան նպաստում է օրգանիզմի դիմադրողականության՝ իմունիտետի բարձրացմանը։ Օգտակար է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ Կենտրոնի բժիշկների խոսքով՝ եթե երեխաները, որոնց մոտ ասթմատիկ ախտանշաններ են նկատվում, մինչև 12 տարեկանն ամեն տարի կենտրոն այցելեն, 2 շաբաթով բուժում ստանան, ասթման չի զարգանա ու չի խորանա։
Մարինա Աբրահամյանը
Թոքաբան Մարինա Աբրահամյանը կենտրոն է եկել հենց 1987թ.-ին։ Ասում է՝ այն ժամանակ այնքան մեծ էր հիվանդների թիվը, որը մարդիկ հերթագրվում էին ու կարող էին շաբաթներ, նույնիսկ՝ ամիսներ շարունակ սպասել։ Ի դեպ, անգամ գիշերում էին կենտրոնում․ գալիս էին երեկոյան 7-ին, գիշերն անցկացնում անձավում, առավոտյան 7-ին աշխատանքի գնում։
«Խորհրդային ժամանակներում երեխաներին զբաղեցնող մասնագետներ էլ ունեինք։ Հիմա երեխաները ավելի շատ ամռան արձակուրդներին են գալիս․ այդ ժամանակ նրանց համար այստեղ նաև տիկնիկային ներկայացումներ ենք կազմակերպում»,- ասում է բժշկուհին։
Երեխաներին ընդունում են կենտրոնում 5 տարեկանից, բայց ծնողների ուղեկցությամբ։

Պետպատվերը դադարեցվեց, բացառիկ կենտրոնի գոյությունը վտանգվեց

Մինչև 2020թ․ Անձավաբաժության հանրապետական կենտրոնին տարեկան շուրջ 28 միլիոն դրամ է տրամադրվել պետական պատվերի շրջանակներում։ Կենտրոնի տնօրեն Գուրգեն Հակոբյանի խոսքով՝ դրան զուգահեռ ևս 4-5 միլիոն դրամ էլ կենտրոնն աշխատում էր՝ վճարովի ծառայություններով, այսինքն՝ տարեկան շրջանառությունը շուրջ 32-33 միլիոն էր։ Հիմա տարեկան շրջանառությունը շուրջ 14 մլն դրամ է դարձել։
«Արդեն մի քանի տարի է՝ կենտրոնը վնասով է աշխատում։ Ամեն Աստծո օր մարդիկ զանգում են ու խնդրում, որ կարողանան իջնել անվճար, քանի որ պետպատվերը հանվել է, իսկ իրենք կարիք ունեն կենտրոն գալու»,- ասում Հակոբյանը։
Республиканский спелеотерапевтический центр
Նրա խոսքով՝ նախկինում տարեկան 200-ից ավելի հիվանդ էին ունենում, հիմա էլ 150-200 հիվանդ ունենում են, բայց կարճ ժամանակով են գալիս՝ մի քանի օրով։
Մեկ օրը կենտրոնում (շուրջ 5 ու կես ժամ) 10 հազար դրամ արժե, կուրսի ցանկալի տևողությունը 2-4 շաբաթ է։ Կենտրոնը վճարում է աղի հանքի վերելակից օգտվելու համար, վճարում կոմունալ վարձեր, աշխատավարձեր, ուստի առանց պետական աջակցության կենտրոնի պահպանումը բավականին ծանր գործ է։ Գուրգեն Հակոբյանի գործով՝ նախկինում 16 աշխատակից ունեին, ստիպված են եղել կրճատել հաստիքները․ հիմա ունեն 2 հաստիքով և ևս 4՝ պայմանագրերով աշխատակիցներ։
Հակոբյանի խոսքով՝ ամեն տարի մի քանի անգամ դիմում է առողջապահության նախարարություն՝ պետպատվերը գոնե մասնակի վերականգնելու, հիմա էլ առողջության ապահովագրության պետական համակարգում ընդգրկելու համար, ամեն անգամ նույն պատասխանն է ստացել՝ անձավաբուժությունն այլընտրանքային, այլ ոչ թե ապացուցողական բժշկություն է, ուստի պետությունը դա չի ֆինանսավորում։
1 / 7

Անձավաբուժության հանրապետական կենտրոնում

2 / 7

Անձավաբուժության հանրապետական կենտրոնում

3 / 7

Անձավաբուժության հանրապետական կենտրոնում

4 / 7

Անձավաբուժության հանրապետական կենտրոնում

5 / 7

Անձավաբուժության հանրապետական կենտրոնում

6 / 7

Անձավաբուժության հանրապետական կենտրոնում

7 / 7

Անձավաբուժության հանրապետական կենտրոնում

Բժշկուհի Մարինա Էդուարդովնան հակադարձում է՝ ինչպես թե «ոչ ապացուցողական բժշկություն է»։ Կրկին վերհիշում է խորհրդային տարիները․ այն ժամանակ հիվանդներին հետազոտում էին երեք անգամ՝ մինչ բուժումը սկսելը, ընթացքում և ավարտից հետո։ Այն, թե ինչպիսի արդյունքներն են գրանցվել, դրանք հիման վրա գիտական աշխատանքներն են գրվել։ Ուստի միայն դրանք կարդալ, տեսնել ու ընդունել է պետք։
«Այստեղ բուժված երեխաները հիմա իրենց երեխաներին են բերում, եթե արդյունք չկա, ինչու՞ են բերում»,- հռետորական հարց է տալիս բժշկուհին։
Գուրգեն Հակոբյանն ասում է՝ չի թողնելու, որ կենտրոնը փակվի, պայքարելու է, որովհետև սա ազգային արժեք է։ Այս տարի նաև ամբուլատոր ծառայություններ մատուցող կենտրոնի արտոնագիր է ստացել, սակայն պետության համար դա կրկին ոչինչ չի նշանակում։

Չի դիտարկվում պետական պատվեր տեղադրել նմանատիպ մոնոպրոֆիլ կազմակերպություններում․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը հիվանդությունների ախտորոշման, բուժման, շարունակական հսկողության վերաբերյալ հարցերը դիտարկում է որպես մեկ միասնություն՝ հիմք ընդունելով ապացուցողական բժշկության դրույթները: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Միաժամանակ, նախարարությունն իր քաղաքականության մեջ ուղենիշ է ընտրել հիվանդությունների բուժման համալիր մոտեցումը՝ փոխկապակցելով հիվանդությունների առաջնային, երկրորդային կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, սուր, ենթասուր, քրոնիկական փուլերում բուժումը, առողջարանային-վերականգնողական բուժումը և խնամքը: Այս քայլերը միտված են առողջապահական համակարգում առկա ռեսուրսների նպատակային բախշման, ֆինանսական միջոցների ծախսարդյունավետ օգտագործման գործընթացին»,- նշված է նախարարության պատասխանում։
Նախարարությունից շեշտում են, որ իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է հիվանդանոցային դեպքերի դրական ելքերի, հաշմանդամության, հիվանդացության, մահացության ցուցանիշների կայունացում ու բարելավում:
Ըստ գերատեսչության՝ անձավաբուժական բժշկական օգնությունը՝ սպելեոթերապիան, հիվանդությունների կանխարգելման և բուժման համալիր մոտեցման համատեքստում դիտարկվում է որպես այդ շղթայի էլեմենտ՝ վերականգնողական (կլիմատոթերապիայի կաբինետ կամ առողջարանային) բուժման ձևով և նախատեսվում է կիրառել բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում՝ որպես պացիենտների բուժման ծրագրի էտապ, հետևաբար չի դիտարկվում պետական պատվեր տեղադրել նմանատիպ մոնոպրոֆիլ կազմակերպություններում։

Անձավաբուժարանում բուժում ստացողների պատմությունները

65-ամյա Մաթևոս Մանուկյանը քրոնիկ ասթմա ունի։ Պատմում է, որ 1997թ. ծանր թոքաբորբով է հիվանդացել։ Երկար ժամանակ տարատեսակ հիվանդանոցներ է ուղղորդվել, հակաբիոտիկներ ընդունել, որոնք հոնքն ուղղելու տեղն աչքն էլ են հանել։ Կարճ ասած, ոչինչ չէր օգնում, մինչև մի օր բժիշկներից մեկը խորհուրդ տվեց կենտրոն գալ։
Մաթևոս Մանուկյանը
«Եկա, մի քանի շաբաթ բուժում ստացա, դրանից հետո էլ ոչ մի սիմպտոմ չկար»,- ասում է Մանուկյանը։
Ասում է՝ տարիներ շարունակ եկել ու պետպատվերով այստեղ բուժում է ստացել մինչև 2019թ., երբ դադարեցվեց առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրամադրվող ֆինանսավորումը։
«Իմ թոշակը 46 հազար դրամ էր, հիմա մի քիչ ավելացել է։ Արդյունքի համար ինձ երկու շաբաթ է պետք գալ։ Պատկերացրեք՝ ինչպե՞ս եմ կարողանալու այդ թոշակով վճարել։ Անգամ եթե մի քանի օր գամ, էլ գումար չի մնալու սնունդ գնելու, տան կոմունալները վճարելու համար»,- ասում է Մանուկյանը։
Պարոն Մաթևոսն այս տարի ծանր թոքաբորբով շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում է եղել։ Պարզ հաշվարկներով՝ պետությունը շուրջ 400-500 հազար դրամ է ծախսել, մինչդեռ վստահ է՝ եթե ժամանակին կարողանար կենտրոն գալ, 2 շաբաթ անցկացնել, ապա թոքաբորբը հնարավոր կլիներ կանխել ընդամենը 100 հազար դրամով (կենտրոնի 2 շաբաթվա վճար)։
Նշում է՝ մի քանի չինովնիկ քմահաճույքի համար որոշում են կայացնում, տուժում են իր պես սովորական մարդիկ։ Ասում է՝ պայքարում է, անընդհատ նախարարություն է դիմում՝ պետպատվերի հույսով, բայց դեռևս ապարդյուն։
Չնայած այցելուների թիվն ու այցելությունների տևողությունը կրճատվել են, բայց մարդիկ էլի շարունակում են աշխարհի տարբեր կողմերից հատուկ բուժման համար այստեղ գալ։ Ռուզաննա Իլաբեկյանը, օրինակ, Կիպրոսից է եկել։ Ասում է՝ Ռուսաստանում ապրող քրոջ ընկերուհին է խորհուրդ տվել։
Ռուզաննա Իլաբեկյան
«Նա դստեր հետ 3 տարի շարունակ այստեղ է եկել, նրան այստեղ շատ է դուր եկել, և՛ իրեն, և՛ աղջկան այս բուժումը շատ է օգնել։ Հենց նա էլ խորհուրդ տվեց, ես որոշեցի գալ ու բուժման այս կուրսն անցնել։ Ինձ այստեղ շատ է դուր գալիս, ես բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռենիտ ունեմ։ Մի 2 օր է՝ գալիս եմ, բայց արդեն փոփոխություն զգում եմ»,- ասում է Ռուզաննան։
Լուսինե Հովհաննիսյանն էլ Կալուգայից արդեն երկրորդ անգամ է կենտրոն գալիս։ Ասում է՝ անցյալ տարի ընդամենը 7 օր է եկել, ու դրական ազդեցությունն աննկարագրելի է։
Լուսինե Հովհաննիսյան
«Բոլորն են ասում՝ աղի հանքից հետո ուրիշ ես դարձել։ Էն ժամանակ քանի անգամ հիվանդանոց են տարել ինձ, այստեղ գալուց հետո նման բան չի եղել»,- ասում է Լուսինեն, որի մոտ արդեն 8 տարի է, ինչ ասթմա է ախտորոշվել։
Մեր այցելության ժամանակ նաև երեխաներ կային ծնողների հետ։ Փոքրիկների մոտ արդեն ասթմատիկ ախտանշաններ են հայտնվել, ծնողներն այստեղ են բերում՝ հույսով, որ հիվանդությունը չի խորանա։
Կենտրոնի տնօրենն արդեն դիմել է առողջության ապահովագրության համակարգում անձավաբուժությունն ընդգրկելու համար, սպասում են պատասխանի։ Հույս ունեն նաև, որ կառավարությունն էլ արժանի ուշադրություն կդարձնի կենտրոնին։ Ասում են՝ սա ազգային հարստություն է, գանձ, որը պահպանելն ու առողջարանային այցեքարտ դարձնելը պետք է առաջնահերթություն լինի։