Փարաքարում բողոքի ակցիա է. կանայք պահանջում են Վալոդյա Գրիգորյանի գործով արդար քննություն

Կանայք երթով շարժվել են դեպի այս գործով մեղադրյալի տուն, քանի որ նրա ընտանիքը վերադարձել է համայնք` բնակվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի կին բնակիչներն այսօր ինքնաբուխ բողոքի ակցիա են իրականացնում համայնքում՝ պահանջելով նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի ամբողջական բացահայտում։
Նրանք նաև պահանջում են վտարել համայնքից այս գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ընտանիքին, որոնք վերադարձել են բնակվելու: Կանայք իրենց ձեռքին ունեին նաև ցուցապաստառներ` «Կանխարգելե՛ք հնարավոր վտանգը», «Տեղափոխե՛ք Գևորգ Հարությունյանի ընտանիքը Փարաքարից», «Վերականգնե՛ք Փարաքար համայնքի անդորրը» և այլ գրառումներով։
Ակցիա իրականացնող կանանց խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Փարաքարում տեղի ունեցած իրադարձություններն անընդունելի են ու իրենք չեն հաշտվում կատարվածի հետ։ Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ իրենց ինքնաբուխ նախաձեռնությունն ուղղված է գործի ամբողջական բացահայտմանը և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:
Կանայք երթով շարժվեցին դեպի Հարությունյանի տան մոտ։ Նրանց պահանջը մեկն է` Հարությունյանի ընտանիքը պետք է լքի Փարաքարն այնքան ժամանակ, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել:
Երթին մասնակցում է նաև Վալոդյա Գրիգորյանի մայրը, որը կոչ արեց Հարությունյանի տունը հսկող ոստիկանության ծառայողներին` իրենց պահանջը հասցնել համապատասխան պատկան մարմիններին։
Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վնասվածք է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվեց Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։