ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Գյումրիում՝ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, անցկացվել է արտագնա դասախոսություն՝ խորհրդային ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված Միասնական գործողությունների օրվա շրջանակում, հայտնում է Գյումրիում Ռուսական տունը։
Ապրիլի 19-ը 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այս տարի այն նշվում է առաջին անգամ:
Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է. դասախոսություն՝ Գյումրիում
© Photo : Русский дом в Гюмри
Ռազմաբազայի պատմության թանգարանում մասնակիցներին ներկայացվեցին արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, տարբեր տարիների զինվորական համազգեստի տարրեր: Կենտրոնական տեղ էր գրավում Հայրենական մեծ պատերազմին նվիրված ցուցահանդեսը՝ սպառազինությունից և հանդերձանքից մինչև ռազմաճակատային նամակներ, որոնցում մինչ օրս հնչում է ժամանակի կենդանի ձայնը։
Գյումրու Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևը հիշեցրեց, որ պատերազմի տարիներին Հայաստանն իր ներդրումն է ունեցել Մեծ հաղթանակի հասնելու գործում:
«Մենք գիտենք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 600 հազար հայերի մասին, գիտենք, թե ինչ ջերմությամբ է Հայաստանն այդ տարիներին դիմավորել շրջափակված Լենինգրադի երեխաներին, այն 120 երեխաներին, որոնք Սանահին են ուղարկվել 51-րդ մանկատնից: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե որքան ծանր է տրվել այդ հաղթանակը», - նշեց նա։
Օրվա նշանակության և պատմական հիշողության հանդեպ խնամքով վերաբերմունքի անհրաժեշտության մասին խոսեցին նաև «Ռուսաստանի ընկերներ» ՀԿ Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Գագիկ Ամիրյանը և Հենրիետա Մխիթարյանը՝ արդեն ոչ թե որպես վկա, այլ որպես հիշողության կրող, որը փոխանցվում է ուղղակիորեն՝ առանց միջնորդների և մեկնաբանությունների։
Մասնակիցները նաև այցելեցին Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի տաճարը, ինչպես նաև ծաղիկներ դրեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի Հավերժական կրակի մոտ։
Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է. դասախոսություն՝ Գյումրիում
© Photo : Русский дом в Гюмри
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական դիվանագիտությունը ձգտելու է հասնել նրան, որ նացիստների և նրանց կամակատարների հանցագործությունները Խորհրդային Միության քաղաքացիների դեմ միջազգային հանրության կողմից ճանաչվեն որպես խորհրդային ժողովրդի ցեղասպանություն: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի վճռականորեն պաշտպանել պատմական ճշմարտությունը, հակազդել նացիստական հանցագործներին և նրանց կամակատարներին սպիտակեցնելու փորձերին, կպայքարի Երկրորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ճանաչված արդյունքները վերանայելու դեմ։