ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հյուսիս–հարավ ճանապարհի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի հատվածն այսօր բացվեց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացման արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կմ է, շինարարությունն իրականացվել է 4 փուլով:
Նշվում է, որ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ հատվածի, Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի, Թալին–Լանջիկ 18,7 կմ հատվածի, Լանջիկ–Գյումրի 23 կմ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ:
Աշտարակ-Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ (բարձրակարգ ավտոմոբիլային ճանապարհ՝ 4 և ավելի երթևեկելի գոտիներով, բաժանված հանդիպակաց հոսանքներով)՝ 90 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությամբ։ Այսպիսով, Երևանից Գյումրի ժամանակը կրճատվել է մինչև 80 րոպե։
Հյուսիս–հարավ ճանապարհի` Աշտարակից դեպի Գյումրի հատվածը բացվեց
Այսպիսով, Երևան–Գյումրի նորացված մայրուղին թույլ կտա մեկ քաղաքից մյուսը հասնել 1 ժամ 20 րոպեում ՝ նախկին 2 և ավելի ժամերի փոխարեն:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, վարչապետին զեկուցելով կատարված աշխատանքները, նշեց, որ ընդհանուր երկարությունը Երևանից Գյումրի 120 կմ է, որն այժմ կարելի է անցնել 1 ժամ 20 րոպեում
Ճանապարհի յուրաքանչյուր ուղղությամբ գործում է երկու երթևեկելի գոտի, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 3.6 մ է։
Կառավարությունից տեղեկացնում են, որ ճանապարհին առկա է նաև 2 մ լայնությամբ տեխնիկական կամ անվտանգության գոտի, որը նախատեսված է մեքենաների խափանվելու դեպքում կայանման, ճանապարհի սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպման և այլ նպատակների համար։
«Նորակառույց ճանապարհից մուտքերը դեպի բնակավայրեր կազմակերպված են տրանսպորտային հանգույցների միջոցով։ Ընդհանուր առմամբ, Աշտարակից մինչև Գյումրի կառուցվել է 19 տրանսպորտային հանգույց, 10 կամրջային անցում»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կառուցվել են գյուղտեխնիկայի համար նախատեսված 17 անցումներ, ինչպես նաև անասնանցումներ, որոնք տեղակայված են ճանապարհի տակ։ Կառուցվել են նաև դաշտամիջյան ճանապարհներ՝ ապահովելով մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ։ Տրանսպորտային հանգույցներում նախատեսված է լուսավորության համակարգ։
Հյուսիս–հարավ ճանապարհի` Աշտարակից դեպի Գյումրի հատվածը բացվեց
Հիշեցնենք՝ 2024թ․ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, թե 2025 թ. ամռանը Հյուսիս–հարավ ճանապարհը Երևան–Գյումրի հատվածում ամբողջությամբ պատրաստ կլինի։ Նա հայտնել էր, որ Արտաշատ–Երևան և Երևան–Աշտարակ ճանապարհահատվածները լիովին պատրաստ են, շուտով կավարտվի Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածի կառուցումը:
«Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործողների ընդլայնմամբ) կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։