ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Աղջիկների օրվան: Տոնական հանդիպումը մեկտեղել էր Երևանի իրանական «Շահիդ Ֆահմիդե» դպրոցի սաներին և պարսկերեն սովորող հայ աշակերտներին՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու ժողովուրդների միջև բարեկամական ու մշակութային կապերը:
Միջոցառման ամենաառանցքային և հուզիչ պահը նվիրված էր պատերազմում զոհված աշակերտների հիշատակին: Միջոցառման մասնակիցները, ի նշան երախտագիտության և խորին հարգանքի, ծաղիկներ խոնարհեցին՝ հարգելով իրենց այն հասակակիցների հիշատակը, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի և գաղափարների:
Մշակութային ծրագիրը հագեցած էր երկլեզու կատարումներով. հայ աշակերտները ներկայացրին պարսկերեն և հայերեն ընդհանուր ասացվածքներ, հնչեցին երգեր երկու լեզուներով: Այնուհետև անցկացվեց սեղանի հարդարման և մրգերի ձևավորման մրցույթ, որտեղ լավագույնների թվում հաղթողներից էր հայ աշակերտների խումբը։
Երևանի Կապույտ մզկիթում Աղջիկների օրվա միջոցառմանը հարգել են Իրանի զոհերի հիշատակը
© Sputnik / Культурный центр при посольстве Ирана
Միջոցառման ավարտին դպրոցականների համար ճանաչողական շրջայց կազմակերպվեց Կապույտ մզկիթի տարածքում, ինչը հնարավորություն տվեց երեխաներին ավելի մոտիկից ծանոթանալ իրանական մշակույթին և ճարտարապետությանը:
Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդը, բարձր գնահատելով հայ և իրանցի աշակերտների ակտիվ մասնակցությունը, ընդգծեց նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։
«Այսօր տոնական տրամադրությանը զուգահեռ մենք հարգանքի տուրք մատուցեցինք Մինաբի անմեղ երեխաների հիշատակին: Տոնախմբության և սոցիալական պատասխանատվության այս սերտ կապը իրանա-իսլամական մշակույթի առանցքային բնութագրիչներից է»,- նշեց նա:
Նա նաև շեշտեց՝ հայ ժողովուրդն իր անկեղծ զորակցությամբ մշտապես եղել է Իրանի կողքին:
«Մենք պարբերաբար ստանում ենք բազմաթիվ դիմումներ և հաղորդագրություններ թե՛ մշակույթի կենտրոնում, թե՛ դեսպանատանը, որտեղ մարդիկ իրենց պատրաստակամությունն են հայտնում մարդասիրական օգնություն տրամադրելու և տարբեր նախաձեռնություններով հանդես գալու հարցում: Իրանի ժողովուրդը խորապես երախտապարտ է հայ ժողովրդին նման բարձր գնահատանքի, ջերմության և մարդասիրական վերաբերմունքի համար»:
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանին, այդ թվում ՝ Մինաբ քաղաքի շրջանում գտնվող ռազմական օբյեկտներին։ Նույն օրը հարված Է հասցվել Մինաբայի դպրոցին, զոհվել է մոտ 180 մարդ, մեծ մասամբ՝ 7-12 տարեկան աղջիկներ ։