ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության այսօրվա համագումարում հաստատվել է ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում թեկնածուների նախընտրական ցուցակը։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու, փոխարեն առաջարկում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնի Միքայել Սրբազանը։
Ցուցակի առաջին համարը Էդմոն Մարուքյանն է, նրան հաջորդում են Կարպիս Փաշոյանը, Շուշան Ավագյանը, Գևորգ Գորգիսյանը, Սուրեն Գյուրջինյանը։
«Մենք արդեն հայտարարել ենք, որ ընդդիմության միավորման գործընթացում տեսնում ենք, որ հանրապետության նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել հոգևոր դասի ներկայացուցիչ, քանի որ հանրապետության նախագահի պաշտոնը Հայաստանում այս պահին գործադիր պաշտոն չէ, գործադիր լծակներ չունի։ Այն կառուցված է հեղինակության վրա և ունի ներկայացուցչական լիազորություններ։ Առաջարկում ենք, որ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևոր դասի ներկայացուցիչ, մեր արքեպիսկոպոսներից մեկը՝ Միքայել Աջապահյանը։ Նրա թեկնածությունն առաջադրվել էր դեռևս իմպիչմենտի գործընթացի ժամանակ, երբ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր»,-ասաց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ այս ընտրություններում որոշվելու է, թե Հայաստանը որպես պետություն մնալու է, թե ոչ։ Այս ընտրությունները լինելու են պետության բովանդակության մասին։
Ապրիլի 14–ին հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Էդմոն Մարուքյանը նշել էր, որ իրենց կուսակցության մասնակցությունը ընտրություններին խառնում է խաղաքարտերը շատ խաղացողների համար, բայց իրենց նպատակը միայն մեկն է՝ ծառայել Հայաստանին։
Հավելենք, որ Մարուքյանին է միացել նաև լրագրող և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։