Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցում երթևեկությունը վերահսկել մինչև պատերազմի ավարտը. ԱԽ

Իրանի իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում ԱՄՆ ռազմաբազաների համար սարքավորումների մեծ մասը մատակարարվում է Հորմուզի նեղուցով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցում նավագնացության երթևեկությունը վերահսկել մինչև ԱՄՆ–ի հետ պատերազմի վերջնական ավարտը և կայուն խաղաղության հաստատումը: Այս մասին ասվում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայտարարության մեջ։
«Իրանը կհետևի իրավիճակին և կվերահսկի երթևեկությունը նեղուցով մինչև պատերազմի վերջնական ավարտը և կայուն խաղաղության հաստատումը», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Իրանի իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում ԱՄՆ ռազմաբազաների համար սարքավորումների մեծ մասը մատակարարվում է Հորմուզի նեղուցով, ինչն իր հերթին սպառնալիք է ներկայացնում Իրանի ազգային անվտանգությանը:
Հորմուզի նեղուցը հատելու հերթում սպասող շուրջ 20 նավ շրջվել է դեպի Օման. ԶԼՄ
Ըստ հայտարարության՝ նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունն իրականացվելու է անցնող նավերից տեղեկատվություն ստանալու, Իրանի կանոններին համապատասխան նեղուցն անցնելու թույլտվություններ տալու, ինչպես նաև անցնող նավերի անվտանգությունն ապահովելու և երթուղին անցնելու համար հարակից ծառայությունների արժեքը, այդ թվում՝ «շրջակա միջավայրի պահպանության» ծախսերը վճարելու հաշվին:
Հիշեցնենք` ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ու պայմանավորվել է երկրների միջև 10-օրյա հրադադարի մասին։
Ապրիլի 17-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Լիբանանում հրադադարի կապակցությամբ հայտարարեց, որ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով ամբողջությամբ բաց է հրադադարի ընթացքում։ Դրանից հետո Թրամփը Հորմուզի նեղուցն անվանեց «Իրանի նեղուց»՝ Թեհրանին շնորհակալություն հայտնելով այն բացելու համար։