Իրանի ԶՈւ-ն վերականգնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը

Իրանցի զինվորականի խոսքով, ԱՄՆ-ն զբաղվում է ծովահենությամբ՝ այն անվանելով շրջափակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ի շրջափակման պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը: Այս մասին հայտարարել է իրանական «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Ցավոք, ԱՄՆ-ը շարունակում է զբաղվել ծովահենությամբ՝ այն անվանելով շրջափակում։ Ըստ այդմ, Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնվել է, այդ ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի կառավարման և ուժեղ վերահսկողության ներքո», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ու պայմանավորվել է երկրների միջև 10-օրյա հրադադարի մասին։
Ապրիլի 17-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Լիբանանում հրադադարի կապակցությամբ հայտարարեց, որ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով ամբողջությամբ բաց է հրադադարի ընթացքում։ Դրանից հետո Թրամփը Հորմուզի նեղուցն անվանեց «Իրանի նեղուց»՝ Թեհրանին շնորհակալություն հայտնելով այն բացելու համար։